Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը հանդիպել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, քննարկման ընթացքում խոսվել է ԵԽ-ի կողմից Ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված վերջին կոչի մասին:
Ջեմիլ Չիչեքը նշել է, որ խորհրդարաններն իրենց չպետք է դատարանների տեղ դնեն:
«Մենք 1915-ի դեպքերի բազմակողմանի բացահայտումն ամենից շատ ցանկացող երկիրն ենք, սակայն դա ոչ թե խորհրդարանների, այլ պատմաբանների պարտականությունն է: Դուք էլ օգնեք՝ այդ պատմական իրողությունները քաղաքական քննարկումների թեմա դարձնելու փոխարեն: Դատական որոշում չկա, և միայն պնդումների վրա հիմնվելով նման որոշումներ կայացնելով՝ խաղաղության հաստատմանը չեք նպաստում»,-ասել է նա:
Բրոքն իր խոսքում հիշեցրել է, որ իր երկիրը՝ Գերմանիան էլ ընդունել է, որ ցեղասպանություն է իրագործել, ինչին ի պատասխան Չիչեքն ասել է, թե այդ դեպքում դատական որոշում է եղել, սակայն Հայկական հարցի դեպքում դատական որոշում չկա:
«Այն, որ ցավեր են տեղի ունեցել՝ այլ բան է, առանց դատական որոշման մի երկրի ցեղասպանության մեջ մեղադրելը՝ այլ: Խնդրին ավելի օբյեկտիվ մոտեցման հարցում ձեզնից ջանքեր ենք ակնկալում»,-ասել է Չիչեքը:
Բրոքը նշել է, թե ԵԽ անդամ երկրներում այդ հարցին այլ կերպ են նայում և նշում են, որ դա ոչ միայն քաղաքական, այլև խղճի հարց է:
Հիշեցնենք, որ ԵԽ-ն մարտի 13-ին ընդունած փաստաթղթում ԵՄ անդամ երկրներին կոչ էր արել ճանաչել Ցեղասպանությունը: