Հիշում եմ և պահանջում 

Պահանջատիրությունը մեր ժողովրդի դատի էությունն է. Արամ Ա կաթողիկոսի հարցազրույցը

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը սովորական տարեթիվ չէ և ոգեկոչման արարողություններին զուգահեռ պետք է հստակ լինի, թե որն է հայ ժողովրդի նպատակը, որն է թիրախն ու ինչի վրա պետք է շեշտը դնել: Այս մասին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: Վեհափառը ներկայացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին և դրանից հետո հայ ժողովրդի անելիքների իր տեսլականը, կարևորել Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումը իրավական հիմքի վրա: 

 

-Վեհափառ Տեր, այս տարի հայ ժողովուրդը կոգեկոչի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ո՞րն է Ձեր պատգամը հայ ժողովրդին և միջազգային հանրությանը: 

 

-Երբ շուրջ երեք տարի առաջ սկսեցինք պատրաստվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներին, մենք կարևորությամբ շեշտեցինք հետևյալը. որպես մեր գործընթացի մեկնակետ, ինչպես նաև նպատակակետ` առաջին հերթին հայտարարեցինք, որ 2015-ը սովորական տարելից չէ, որ պետք է նշենք և իր խորքով, բնույթով ու նպատակով բոլորովին պետք է տարբերվի: Սովորական ձեռնարկներից բացի, պետք է հստակ դառնա մեր նպատակը` որտեղ պետք է շեշտը դնել` որն է լինելու մեր թիրախը: Ռազմավարական և մարտավարական մոր մոտեցումները պետք է հստակորեն ճշտենք:


Նույնը պետ չէ կրկնենք: Ներկա պայմանների լույսի ներքո վերատեսության պետք է ենթարկենք մեր մոտեցումները: 100-րդ տարելիցը չպետք է նկատել գագաթնակետ Հայ դատի գծով հարյուր տարի կատարած աշխատանքի համար: Այն միայն գագաթ է և, հետևաբար, ավելի բարձր գագաթներ նվաճելու հանձնառությունը պետք է մղիչ ուժ դառնա Հայ դատի աշխատանքներում: Հիշյալ մոտեցման լույսի տակ երեք բառերի մեջ փորձեցինք խտացնել մեր անելիքները` հիշել, հիշեցնել և պահանջել: Հակիրճ կերպով բացատրեմ, թե ինչ է դա նշանակում:

 

Ա. Հավաքական հիշողությունը ժողովրդի կյանքում կենսական նշանակություն ունի: Պատմությունը սոսկ դեպքերի ու դեմքերի մասին տեղեկությունների ամբողջություն չէ ամփոփված գրքի մեջ, այլ շարունակվող և կենդանի իրականություն: Սերնդեսերունդ փոխանցված հիշողությունն է, որ անցյալը անցած չպետք է դարձնենք, այն պետք է վերածել կենդանի ու գոյութենական ներկայության: Հավաքական հիշողությունն է, որ սերնդեսերունդ ինքնությունը կկազմավորի և նրանց պատկանելության արմատները կզորացնի: Հավաքական հիշողությունն է, որ սերունդներին դեպի ապագան կառաջնորդե` նրանց մեջ վառ պահելով իրենց ազգային գերագույն իդեալներն ու ձգտումները: Միթե այսպես չեղավ հարյուր տարի մեր հավաքական հիշողությունը` ցեղասպանությանը հաջորդող սերունդների կյանքի մեջ:

 

Բ. Անհրաժեշտ է անցյալի մեր հիշողությունը վերածել նաև հիշեցման` ուղղված մեր շրջապատին: Համաշխարհայնացած ներկա աշխարհը, որտեղ գոյություն չունեն ցանկապատեր, մեզ կպարտադրի, որ զանազան ձևերով հիշեցնենք մեր շրջապատին, որ հայ ժողովրդի դեմ իրականացվել է ցեղասպանություն և այդ ոճիրը շարունակում է անպատիժ մնալ: Անցնող հարյուր տարիների ընթացքում այս ուղղությամբ կարևոր աշխատանք է կատարվել: Քարոզչական, հրատարակչական, հարաբերական, քաղաքական, կրոնական և այլ ոլորտներում եկեղեցին, կուսակցությունները, Հայ դատի մարմինները, վերջին երկու տասնամյակում Հայաստանի Հանրապետությունը կարևոր աշխատանք կատարեցին: Այս աշխատանքները վերանորոգված թափով պետք է շարունակվեն, սակայն տարբեր մոտեցումներով, մեթոդներով ու շեշտադրումներով, որովհետև աշխարհը հիմնովին փոխվել է:

 

Գ. Պահանջատիրությունը մեր ժողովրդի դատի էությունն է: Մենք ոչ միայն մեր ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանությունը պետք է հիշենք, հիշեցնենք աշխարհին, այլ պետք է արդարություն պահանջենք: Պահանջատիրական ոգով և մոտեցումով պետք է մշակենք մեր ժողովուրդների իրավունքների պաշտպանության հետ աղերս ունեցող ծրագիրներն ու ճշտենք քայլերը:



Մեր մարդկային իրավունքները տակավին կմնան բռնաբարված: Մեկուկես միլիոն հայի արյուն է թափված: Մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու անհատական կալվածքները ցեղասպան թուրքի կողմից բռնագրավված են: Այս կացության դիմաց մենք չենք կարող միայն ողբալ, գրել ու խոսել: Պետք է մեր իրավունքները պահանջենք: Մեր պահանջատիրությունը պետք է լինի տրամաբանված, ծրագրված և պատմաիրավական տվյալներով ամուր, հեռու մնա ամեն տեսակի զգացական, պարագայական և ժամանակավրեպ մոտեցումներով:

 

-Վեհափառ տեր, ի՞նչ դաս պետք է քաղենք Հայոց ցեղասպանությունից և 100-րդ տարելիցից հետո, որոնք պետք է լինեն հայ ժողովրդի քայլերը: 

 

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին խոսելով` մենք հաճախ կհիշեցնենք մեր ժողովրդին, որ անհրաժեշտ է նայել հարյուրամյակից այն կողմ: Այս խոսքով, մեր ծրագիրները պետք է այնպես կատարվեն, որ մեզ առաջնորդեն 100-րդ տարելիցի շրջագծից այն կողմ: Նեղ օղակների մեջ պարփակված գործելը մեզ հեռու կպահի հաջողության առաջնորդող ճամփաներից:


Ինչպես արդեն նշեցի 100-րդ տարելիցը գագաթնակետ չէ Հայ դատի աշխատանքներում, այն միայն հանգրվան է, հանգրվան, որը մեզ կմղի անցյալը նայելու, կատարված աշխատանքը վերլուծելու, արժևորելու և գնահատելու և ապա ապագայատեսիլ մոտեցում ծրագրելու 100-րդ տարելիցին այն կողմ: Հետևաբար, ինչ պետք է անել 100-րդ տարելիցին հետո: Ամենից առաջ հայ ժողովրդի պայքարը կստիպի մեզ միասնական ոգով և համահայկական մոտեցմամբ ու ծրագրով կատարենք այս աշխատանքը: Միայն առիթից առիթ քովեքով չգանք ու պարագայաբար մեր միասնականությունը չարտահայտենք:


Դժբախտաբար նման մոտեցում ունեցանք անցնող հարյուր տարվա ընթացքում: Մեր միասնականությունը պետք է մեր կյանքում մնայուն ներկայություն ունենա և այն պետք է դառնա պահանջատիրական պայքարի մղիչ ուժը: Անհրաժեշտ է այս ուղղությամբ համահայկական մտածողություն մշակել: Մեր միասնականությունը կդառնա զգացական և ժամանակավոր, երբ այն համահայկական մտածողության վրա խարսխված չէ: Մեր ժողովրդին ներկայացնող կառույցների ներկայացուցիչները, բնականաբար, Հայաստան պետության գլխավորությամբ, պետք է միասնաբար մտածեն, թե ինչպես կարելի է կազմակերպել մեր ժողովրդի արդար իրավունքների ձեռքբերման աշխատանքը 100-րդ տարելիցից հետո:

 

Համահայկական հռչակագիրը համահայկական մտածողության և աշխատանքի առաջին և մեծապես կարևոր քայլն է: Հռչակագրին պետք է հաջորդեն գործնական քայլեր ու ճշտվի քննարկումների ու ծրագրերի հստակ գործընթաց: Այս առումով զանազան առիթներով հիշեցրել ենք, մեր պահանջի գծով հստակեցում կատարելուն առընթեր, անհրաժեշտ է նաև աշխատանքի բաժանում կատարել: Բնականաբար Հայաստանն իր անելիքը պետք է ունենա, սփյուռքն` իր: Կատարելիքները պետք է իրար ամբողջացնեն և ներդաշնակ լինեն` ունենալով նույն ուղղվածության նպատակակետը:

 

Վերջապես, ինչ վերաբերում է պահանջատիրության խորքին ու բնույթին, կարծում ենք, որ ժամանակն է, որ մեր աշխատանքներում կիզակետը դառնա իրավական ոլորտը: Բնականաբար, հիշելու և հիշեցնելու մեր աշխատանքները պետք է շարունակվեն, սակայն մեծապես անհրաժեշտ է, որ մեր դատը մուտք գործի իրավական դաշտ: Տասնամյակներ առաջ Հայ դատի մասն խոսելիս ասում էինք` այժմեականություն, քաղաքականացում և միջազգայնացում:


Այս ուղղությամբ գնահատելի աշխատանք է կատարված: Այս գործընթացը շարունակելով հանդերձ անհրաժեշտ է ծրագրված կերպով և հանգրվանային մոտեցումներով մուտք գործել իրավական դաշտ: Սակայն պետք է լինել իրատես, այս բնագավառն այնքան էլ վարդագույն պատկերով չի ներկայանում: Միջազգային օրենքի տվյալներն այնքան էլ մեր դատին ի նպաստ չեն: Աշխարհաքաղաքական պայմանները նույնպես: Այս դառը իրականությանը հակառակ, չպետք է ունենալ պարտվողական ոգի և կրավորական մոտեցում, այլ քաջություն իրավական ոլորտում գործնական քայլերի դիմելու համար: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առնելիք իրավական քայլն այս նպատակը կհետապնդի:

 

Ինչպես գիտեք, շուրջ երեք տարի մենք լծված ենք հատուկ աշխատանքի: Իրավական թղթածրար ենք պատրաստում` պահանջելու Սիսի մեր պատմական կաթողիկոսարանը: Այս քայլին պետք է հաջորդեն մեր ազգապատկան ու անհատական կալվածների պահանջը: Սակայն սա դյուրին գործ չէ: Այն հետևողական ու լուրջ աշխատանք կպահանջի նաև նյութական լայն հնարավորություն: Հետևաբար, 100-րդ տարելիցից հետո այս ուղղությամբ պետք է անհրաժեշտ գործնական քայլերի դիմենք: Անհրաժեշտ է մեր արխիվները քննել, ուսումնասիրել, կազմել մեր կորուստները և ուսումնասիրել այդ հարցի առնչությամբ միջազգային օրենքները: Այս ուղղությամբ վերջին տարիներին գնահատելի աշխատանք է կատարվել: Անհրաժեշտ է այդ աշխատանքները համահայկական ճիգով ավելի լայն հիմքի վրա դնել և աշխատանքի գործընթացը ճշտել: Այս ուղղությամբ Հայաստանի պետության դերը խիստ կարևոր է: Այն առաջնորդողի դեր պետք է ստանձնի, քանի որ հայ ժողովրդի դատի իրավատերը Հայաստանի պետությունն է:

-Ի՞նչ կարելի է ակնկալել միջազգային հանրությունից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ: Արդյո՞ք այս հարցի առնչությամբ նույնպես հայ ժողովուրդը պետք է ապավինի սեփական ուժերին: 

 

-Հայոց ցեղասպանության ճանաչման ընթացքը բնականոն կերպով պետք է շարունակվի: Որոշ պետություններ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը մեր կողքին են կանգնած, մյուսները Թուրքիայի հետ շահերից կամ մտահոգություններին ելնելով կամ կրոնական զգացմունքները նկատի ունենալով այս հանգրվանին պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


Սակայն մենք վստահ ենք, որ նրանք էլ ներքուստ մեզ հետ են: Նրանք շատ լավ գիտեն, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է: Հետևաբար, մեր մոտեցումը այդ պետությունների ու կառույցների նկատմամբ չպետք է լինի ժխտական, այլ բարեկամական, միշտ հիշեցնելով նրանց մեր ակնկալիքների մասին: Երբեք չմոռանանք, որ յուրաքանչյուր պետություն գործում է ելնելով իր շահերից: Հետևաբար, հայ ժողովուրդը պետք է իր սեփական ուժերին ապավինի: Եղիշե Չարենցի պատգամը հավիտենական ճշմարտության վերահաստատումն է:


«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Այո, մեր հզորությունը մեր միասնականության ու սեփական ուժի մեջ է: Մեր միասնականությունը, Հայաստանի հզորացումը, Արցախի անկախության ամրապնդումը, Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդումը մեր սեփական ուժի հիմքն են: Պետք է մեր ազգին ու հայրենիքն, մեր սեփական տան հիմքը պահենք ամուր ու զորեղ` համախմբվելով մեր գերագույն և ընդհանրական արժեքների և իդեալների շուրջ: Սա է մեզ թելադրում մեր դարավոր պատմությունը:

Նույն շարքից