Հիշում եմ և պահանջում 

ԱՄՆ-ի 16 հայկական կազմակերպություն նամակ է հղել Օբամային՝ ընդունել Հայաստան այցելելու՝ ՀՀ Նախագահի հրավերը

analitik.am

ԱՄՆ-ի 16 հայկական կազմակերպություններ մարտի 11-ին միասնական նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այն հորդորում է ընդունել Հայաստան այցելելու վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և մասնակցել ս.թ. մայիսի 7-9-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ Վաշինգտոնում կայանալիք միջոցառումներին:

 

Նամակի բովանդակությունը՝ ամբողջությամբ.

 

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ պարոն Բարաք Օբամա,

 

Մենք գրում ենք այս նամակը, որպեսզի Ձեզ հորդորենք մասնակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման միջոցառումներին՝ Հայաստանում և այստեղ՝ Միացյալ Նահանգներում:


 

Մեզ համար մեծ պատիվ կլինի Ձեր մասնակցությունը Երևանում ապրիլի 22-ին և 23-ին կայանալիք «Ցեղասպանության ոճրագործության դեմ» միջազգային համաժողովին, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Ապրիլի 24-ի հանդիսավոր արարողությանը:


 

Այստեղ ԱՄՆ-ում մենք կոչ ենք անում Ձեզ մասնակցել Ազգային մայր տաճարում մայիսի 7-ին մատուցվող պատարագին:


 

Ինչպես գիտեք, Ձեր նախորդը՝ նախագահ Վուդրո Ուիլսոնը, ում ահազանգել էր դեսպան Հենրի Մորգենթաուն հայ ժողովրդի դեմ «ցեղի բնաջնջման արշավի» մասին, ամերիկյան ռազմական առաքելություն է լիազորել դեպի Հայաստան՝ գեներալ-մայոր Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ, ով իր զեկույցն ուղարկել է Կոնգրես: Զեկույցում ասվում է. «խեղումը, բռնությունը, խոշտանգումը և մահն իրենց հետապնդող հիշողություններն են թողել հարյուրավոր գեղեցիկ հայկական դաշտերում, և այդ տարածաշրջանում շրջագայողը հազվադեպ է ազատվում այդ ամենավիթխարի հանցագործության վկայությունից»:

 


Տանջանքների ենթարկված հայ ժողովրդի նկատմամբ աջակցության ալիքից և խոշոր թերթերում, ներառյալ՝ The New York Times-ում և Washington Post-ում լայն լուսաբանումից հետո Կոնգրեսը հրահանգել է բացել «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպությունը (Near East Relief), որը մոտ 116 միլիոն դոլար է հավաքել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին, ներառյալ՝ 132 000 որբերին օգնելու համար:


 

Պարոն նախագահ, Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը եզակի հնարավորություն է Միացյալ Նահանգների համար պատվելու մարդկության դեմ այս հանցագործության դեմ բողոքելու և վերապրածներին օգնություն ցուցաբերելու գործում մեր ազգի հպարտ դերակատարությունը: Հայոց ցեղասպանության Ձեր միանշանակ հաստատումը հզոր ուղերձ կուղղի անցյալի, ներկայի, ապագայի բոլոր ցեղասպանությունների դեմ Ամերիկայի սկզբունքային դիրքորոշման վերաբերյալ:  Բացի այդ, Ձեր այցը Հայաստան կարող է մեծ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունացման հաստատման գործում:

 

Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու արևելյան թեմ,

Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու արևելյան առաջնորդարան,

Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու արևմտյան թեմ,

Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու արևմտյան առաջնորդարան,

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն,

Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միություն,

Ամերիկայի հայկական համագումար,

Ամերիկայի հայ դատի հանձնախումբ,

Հայկական լիբերալ-դեմոկրատական կուսակցություն,

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն,

Հայկական հեղափոխական ֆեդերացիա,

Հայաստան համահայկական հիմնադրամ,

Հայկական բարեգործական ընդհանուր միություն,

Արևելյան ԱՄՆ-ի հայ օգնության միություն,

Հայ իրավաբանական միություն,

Վարդանանց ասպետներն ու դուստրերը»։

Նույն շարքից