Ֆրանսիայի հայկական «Արմենիա» ասոցիացիան մարտի 20-ի երեկոյան Դրոմ դեպարտամենտի Բուր լը Վալանս քաղաքում «Հայոց ցեղասպանություն. տեղահանության երթուղիները» թեմայով քննարկում կանցկացնի: «Nouvelles d’Arménie»պարբերականի փոխանցմամբ, ելույթ կունենա պատմաբան, հայերի միգրացիայի հարցերի մասնագետ, Վալանսի հայ համայնքի մասին գրքի հեղինակ Ժան-Լյուկ Յուարը:
Միջոցառմանը կներկայացվեն երթուղիները, որոնցով փախել են Հայոց ցեղասպանությունից փրկվածները: Երբեմն դրանք անհավանական ճանապարհներ են եղել, որոնցով նրանք հասել են մինչեւ Եվրոպա:
Քննարկման մասնակիցները կանդրադառնան նաեւ հայ ժողովրդի տառապանքներին եւ ապրելու կամքին: Տեղահանության երթուղիներն ավելի ցայտուն ներկայացնելու համար կցուցադրվեն նաեւ լուսանկարներ, քարտեզներ եւ փաստաթղթեր: