Հիշում եմ և պահանջում 

Ռուսաստանի նախագահը չի գա Թուրքիա։ Նա ընտրեց Երևանը, ոչ թե Չանաքքալեն. Hurriyet

analitik.am

Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի սյունակագիր Յալչըն Դողանը իր հոդվածի՝ «Չանաքքալեի փոխարեն Երևան» հատվածում անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով ապրիլի 24-ին Երևան կատարելիք այցելությանը։



«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին կլինի Երևանում։ Պուտինն էլ, իր հերթին, Երկրորդ համաշխարհային պատերազում տարած հաղթանակի 70-րդ տարելիցի կապակցությամբ Սարգսյանին հրավիրել է Ռուսաստան։ Մայիսի 9-ին Հայաստանի նախագահը կլինի Մոսկվայում։



Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինին հրավիրել էր ապրիլի 24-ին մասնակցելու Չանաքքալեի հաղթանակի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, սակայն Ռուսաստանի նախագահը չի գա Թուրքիա։ Նա ընտրեց Երևանը, ոչ թե Չանաքքալեն»,- գրում է հեղինակը։



Նշենք, որ մեկ շաբաթ առաջ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ֆրանս Պրես» գործակալության հետ զրույցում հաստատել էր, որ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին։



Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին Անկարա այցելած Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, թե թուրքական կողմը պատրաստվում է Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցը նշել ապրիլի 24-ին, ինչի կապակցությամբ 102 երկրի ղեկավարի պաշտոնական հրավեր է ուղարկվել` Թուրքիայում նշելու ճակատամարտի հարյուրամյակը: Էրդողանի կողմից հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը պատասխան նամակով արդեն հրաժարվել է Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցությունից, ինչպես նաև նշել հրաժարվելու պատճառները:



Այսպիսով, Էրդողանն իր այս հրավերով նախևառաջ մերժել է ՀՀ նախագահի` ավելի վաղ իրեն ուղարկված հրավերը` ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և միասին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:



Էրդողանի` Դարդանելի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու որոշումը միմիայն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ, քանի որ ապրիլի 24-ը Դարդանելի գործողության տեսանկյունից առանձնացող և նշանավոր օր չէ:

Նույն շարքից