Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Բուենոս Այրեսում

analitik.am

Մարտի 19-ին Բուենոս Այրեսի Մայր տաճարում Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, Արգենտինայի հոգևոր առաջնորդ, կարդինալ Մարիո Աուրելիո Պոլիի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին:



Պատարագին ներկա էին Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության կրոնի հարցերով փոխնախարար Խուան Լաուրեանո Լանդաբուրուն, Բուենոս Այրեսի կառավարության մարդու իրավունքների հարցերով փոխքարտուղար Կալուդիո Ավրուխը, Արգենտինայում հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիները ներկայացնող ողջ հոգևոր դասը, Արգենտինայում հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդը, կրոնական և ազգային փոքրամասնությունների, արգենտինահայ համայնքային կառույցների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, հասարակական- քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:



Պատարագի ընթացքում կատարվեց էկումենիկ աղոթք՝ Լատինական Ամերիկայի կաթողիկե եկեղեցու առաջնորդ, գերապայծառ Վարդան արքեպիսկոպոս Պողոսյանի, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի մասնակցությամբ:



Պատարագի ավարտին իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց արքեպիսկոպոս Մարիո Աուրելիո Պոլիին` Հայոց ցեղասպանության նահատակների հոգիների հանգստության համար կատարված աղոթքի, ինչպես նաև այդ ծանր վիշտը հայ ժողովրդի հետ միասնաբար կիսելու համար, ինչի ապացույցն է նաև ներկայիս Հռոմի Ֆրանցիսկոս պապ, այն ժամանակ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Բերգոլիոյի առաջնորդության տարիներին Բուենոս Այրեսի մայր տաճարում տեղադրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված հայկական խաչքարը:

Նույն շարքից