Հիշում եմ և պահանջում 

ԱՄՆ օրենսդիր մարմիններում այժմ հանրապետականներն են շատ: Իսկ հանրապետականները Թուրքիային ավելի մոտ են, քան դեմոկրատները․ Milliyet

analitik.am

Թուրք սյունակագիր Գյուների Ջըվաօղլուն, ով հոդվածներ է պատրաստում թուրքական «Միլիյեթ» պարբերականի համար, իր նոր «Լավն ու վատը» հոդվածում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող նամակին` Թուրքիայի համար դրական համարելով, որ այն քիչ կոնգրեսական է ստորագրել: Միևնույն ժամանակ, թուրք հեղինակը Թուրքիայի համար վատ է համարում այն, որ ԱՄՆ Սենատում մեծ թվով ստորագրություն է հավաքվել Անկարայի քննադատող նամակը:



«Մեկ լավ և մեկ վատ լուր ունենք: Սկսենք լավից: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախագահ Օբամային նամակով է դիմել` 1915-ը ցեղասպանություն ճանաչելու կոչով: Լավն այն է, որ Ներկայացուցիչների պալատի 435 հոգուց միայն 46-ն է ստորագրել տեքստի տակ (այլ աղբյուրներում նշվում է նաև 44 ստորագրության մասին-խմբ.):


Եթե հաշվի առնենք հայկական սփյուռքի լոբբինգի ուժը Միացյալ Նահանգներում, ապա պետք է ասել, որ ստորագրությունների թիվը բավական ցածր է: Սա կարելի է որպես լավ լուր ընկալել…»,-նշում է հեղինակն ու արդյունքները կապում Ներկայացուցիչների պալատում հանրապետական օրենսդիրների թվի ավելացման հետ. «ԱՄՆ օրենսդիր մարմիններում այժմ հանրապետականներն են շատ: Իսկ հանրապետականները Թուրքիային ավելի մոտ են, քան դեմոկրատները»:



«Թեև այս նամակը քիչ ստորագրություն է հավաքել, սակայն ամերիկյան նահանգների մակարդակով «ցեղասպանությունը» (Հայոց ցեղասպանությունը-խմբ.) ճանաչողների թիվն ավելանում է: Արդեն 43 նահանգում տեղ ցեղասպանությունը ճանաչել են: Վերջինը Նյու Ջերսիի օրինակն է», -նշում է հեղինակը և հավելում, թե «իրականում ամեն ինչ որոշվելու է ԱՄՆ նախագահի աշխատեսանյակում, իսկ այն դեռ չի «ընկել», ինչը լավ լուրերի շարքից է»:



Այնուհետև թուրք հեղինակն անդրադառնում է «վատ լուրերին»: Խոսքն ԱՄՆ Սենատի 74 օրենսդիրների ստորագրությամբ նամակի մասին է, որն օրերս ուղարկվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերինն՝ կոչ անելով անհանգստություն հայտնել Թուրքիայում «ժողովրդավարության հիմնարար սկզբունքները չհարգելու» կապակցությամբ: Հեղինակը նշում է, որ այս նամակի տակ մեծ թվով սենատոր է ստորագրել, ինչը չի կարելի դրական համարել Թուրքիայի համար, քանի որ նամակի բովանդակությունը խիստ քննադատական է:



Հավելենք, որ թուրքական իշխանամետ աղբյուրները ԱՄՆ Սենատի անդամների կողմից ստորագրված նամակի նախաձեռնությունը վերագրում են գյուլենականներին:



Նշենք, որ թուրքական լրատվադաշտում, քաղաքական գործիչների խոսքում հայկական լոբբինգն ընկալվում է որպես Թուրքիայի դեմ աշխատող հզոր ուժ: Նման տեսակետներ են հայտնում թուրք վերլուծաբաններն իրենց հոդվածներում, թուրք պաշտոնյաներն էլ հաճախ են թիրախավորում հայկական լոբբինգը և բարձրաձայնում «վտանգների» մասին:

Նույն շարքից