Հիշում եմ և պահանջում 

Թուրքիայում տեղի է ունեցել Ցեղասպանությանը նվիրված քննարկում

analitik.am

Թուրքիայի տարածքում գտնվող Այնթապ քաղաքում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Առերեսվում ենք 100-ամյա ցավին»  քննարկում է տեղի ունեցել, տեղեկացնում է թուրքական DIHA գործակալությունը։


 

Քննարկման ընթացքում «Կանաչների և ձախերի ապագա կուսակցության» համանախագահ Սևիլ Թուրանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական պատասխանատվություն է, իսկ գրող Աթիլլա Թույգանն ասել է, որ Թուրքիան այդ հարցի շուրջ 100 տարի է՝ կեղծիքի քաղաքականություն է վարում։

 


Քննարկմանը մասնակցել են լիբանանահայ գիտնական Խաչիկ Մուրադյանը, գրող Աթիլլա Թույգանը, թարգմանիչ Մուրաթ Ուչաները և կուսակցության խոսնակ Սևիլ Թուրանը։

 


Քննարկման սրահում «1915. Այլևս երբեք», «Տեղի ունեցած ցավերը վաղեմության ժամկետ չունեն» պաստառներ են պարզվել։


 

Կուսակցության Այնթապի մասնաճյուղի ներկայացուցիչ Ջելալ Դենիզը նշել է, որ բոլորը պետք է առերեսվեն ցեղասպանության իրողությանը։

 

Քննարկման մասնակիցներից Սևիլ Թուրանը նշել է, որ պաշտոնական պատմագրության մեջ հայ ժողովրդին որպես թշնամի են ներկայացրել, սակայն այդ ցավին առերեսվելն ու ընդհանուր ցավը կիսելը բոլորի պարտականությունն է։

 


Գրող Աթիլլա Թույգանը նշել է, որ Այնթապը շատ մշակույթների, ներառյալ՝ հայերի համար մշակույթի օրրան է եղել։ Նա ընդգծել է նաև Ցեղասպանության տնտեսական կողմը՝ նշելով, որ Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո եկած սերունդները տիրացել են հայ և հույն ժողովուրդների ունեցվածքին։

 


«Թուրքիան 100 տարի է՝ կեղծիքի քաղաքականությունն է շարունակում և փորձում է կոծկել այն»,-ասել է նա։

Նույն շարքից