Հիշում եմ և պահանջում 

Ցուցահանդես Մարսելում՝ «100 աքսորի դիմանկար. հայ փախստականների ինքնության բացահայտումը»

analitik.am

Մարտի 19-ին Մարսելի պատմության թանգարանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, բացվել է «100 աքսորի դիմանկար. հայ փախստականների ինքնության բացահայտումը» ցուցահանդեսը` Մարսելի A.R.A.M (Հայկական հիշողության հետազոտման և արխիվացման) կազմակերպության և Մարսելի քաղաքապետարանի համագործակցությամբ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:



Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, պատմության թանգարանի տնօրեն Լորան Վեդրինը, A.RA.M կազմակերպության նախագահ Ժակ Ուլուսյանը, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների և հայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:



Ցուցահանդեսում ներկայացված են Մարսել ժամանած Ցեղասպանությունից փրկվածների լուսանկարներ, մեծ թվով անձնագրերի, ծննդյան, ամուսնության, փախստականի, Ֆրանսիայի հարավի հայկական պատրիարքարանի կողմից տրված մկրտության վկայականների բնօրինակներ, ինչպես նաև բազմաթիվ արժեքավոր այլ փաստաթղթեր:



A.RA.M կազմակերպության նախագահ Ժակ Ուլուսյանն իր ելույթում նշել է, որ երբ 1915-1917թթ. Երիտթուրքերի կառավարության կողմից իրականացվեց 1.5 միլիոն հայերի ցեղասպանություն, մի կերպ մազապուրծ եղած հայերը բնակություն հաստատեցին Մարսելում և կարողացան ամբողջապես ներգրավվել, ինտեգրվել քաղաքի կյանքին, նպաստել տնտեսական զարգացմանը: Դրա վառ ապացույցն է ցուցահանդեսում ներկայացված լուրջ, երբեմն սարսափած, բայց արժանապատիվ դեմքերով մարդկանց լուսանկարները: Եվ այսօր նրանց ժառանգները դարձել են Մարսելի լիիրավ, արժանապատիվ քաղաքացիներ:



Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենն իր խոսքում շեշտել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել մարսելահայության համար: 2015թ. հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում, և ամբողջ տարվա ընթացքում կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող բազմաթիվ միջոցառումներ: Նա կարևորեց, որ Ֆրանսիան պետք է ընդունի օրենք, որը թույլ կտա պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը:



Ֆրանսիական «France 24» հեռուստաալիքը լուսաբանեց ցուցահանդեսի բացումը, իսկ «La Provence» օրաթերթի հաջորդ օրվա համարում «Ցեղասպանությունից փրկված 100 դիմանկարները պատմում են հայկական աքսորի մասին» վերնագրով լայնածավալ հոդված տպագրվեց:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 26-ը:

Նույն շարքից