Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Սանկտ-Պետերբուրգում

analitik.am

Մարտի 21-ին Սանկտ-Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականներին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ՝ Ռուսական պետական թանգարանի աջակցությամբ։



Միջոցառմանը ներկա են եղել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Նազարովը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, պետերբուրգահայեր:



Բացման խոսքով հանդես է եկել Ալեքսանդր Նազարովը, ով խոսեց Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների՝ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի և այլոց կյանքի ու ստեղծագործության մասին։



Իր ելույթում Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները` խոսելով դրանց էության ու բովանդակության մասին:



Պետերբուրգյան լրագրող և իրավապաշտպան Անտուան Առաքելյանը խոսեց Հայոց ցեղասպանության հետևանքների մասին:



Միջոցառման ընթացքում ընթերցվել են Հայաստանին նվիրված Սերգեյ Գորոդեցկու բանաստեղծությունը, ինչպես նաև հատվածներ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի և Սիամանթոյի բանաստեղծություններից։ Հնչեցին հանրաճանաչ կոմպոզիտորների գործերը:

Նույն շարքից