Հիշում եմ և պահանջում 

Թուրքիայում հայկական և ասորական եկեղեցիները որպես ախոռ են օգտագործվում. DIHA

analitik.am

Ներկայիս Թուրքիայի Հաքարի նահանգի 150 եկեղեցիներից միայն 15-ն է կանգնուն մնացել։ Այս մասին գրում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը՝ վկայակոչելով քրդական DIHA («Դիջլե») լրատվական գործակալությանը։



Կանգուն մնացած եկեղեցիներն ու վանական համալիրներն էլ, իրենց հերթին, փլուզման վտանգի առաջ են կանգնած։ Մասնավորապես, Քոչանըս գյուղի ասորական Մար Շհալիթա եկեղեցին բախտի քմահաճույքին է մատնվել և, հետզհետե, վերածվում է ավերակների։ Որոշ ասորական և հայկական եկեղեցիներն էլ, որոնք կիսավեր վիճակում են, որպես ախոռ են օգտագործվում։



Նշվում է, որ պատմական կառույցներն ավերակների վերածելու գործընթացին «նպաստել» են գանձ որոնողները։



Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում կրել է շարունակական բնույթ։ Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Հայոց ցեղասպանությանը զուգընթաց թուրքերը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել են ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:



Վերջին շրջանում թուրքական իշխանությունները սկսել են վերականգնել որոշ հայկական կոթողներ, ինչը բացատրվում է ինչպես միջազգային հեղինակությունը բարձրացնելու, այնպես էլ զբոսաշրջությունը զարգացնելու և եկամտի նոր աղբյուր ունենալու ձգտման հետ: Այնուամենայնիվ, ոչ բոլոր հայկական եկեղեցիներն են հայտնվում թուրքական պետության ուշադրության կենտրոնում, և մեծ թվով հայկական կոթողներ կամ ավերվում են, կամ օգտագործվում որպես քարահանք, կամ էլ վերածվում այլ նշանակության շինությունների` գոմերի, ախոռների, պահեստների:

Նույն շարքից