Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու պատերին մարտի 24-ին ատելություն սերմանող գրառումներ են արվել։ Այս մասին հայտնում է թուրքական «Թըդեյս Զաման» թերթը։
Թերթը, մասնավորապես, գրում է. «Լարվածությունը մեծացել է այն բանից հետո, երբ Թուրքիան հունվարին հայտարարեց, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն անցկացվելու են ապրիլի 24-ին, ճիշտ այն օրը, երբ աշխարհում հարգում են 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն զոհված հայերի հիշատակը, որը աշխարհի շատ երկրներ ցեղասպանություն են համարում։
Սակայն ոմանք այդ կոտորածներին պատասխանում են եկեղեցու վրա գրելով այսպիսի խոսքեր՝ «1915-ը օրհնված տարի է»։ Այնուհետև հետևում է մյուս արտահայտությունը՝ «ինչ էական է, որ դուք բոլորդ հայ եք, եթե արդեն կա Օգյուն Սամասթ»։ Սա էլ վերաբերում է «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանությանն ու այն իրականացրած 17-ամյա Օգյուն Սամասթին։ Սպանությանը հաջորդած ցույցերի ժամանակ մարդիկ հանդես էին գալիս «բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսով։
Մեր թերթի աշխատակիցներին մարտի 25-ին հայտնի դարձավ, որ եկեղեցու պատերին նման գրառումներ են արվել, սակայն Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու ներկայացուցիչը հայտնեց, որ այսօրինակ դեպքերը հաճախակի բնույթ են կրում։ Պոլսո հայոց պատրիարքարանը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը։ Դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել»։
Հոդվածի վերջում թուրքական թերթն ընդգծել է, որ Թուրքիայում հայերի դեմ դրսևորված այս ռասիստական մոտեցումը հաջորդեց այն միջադեպին, երբ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն օրերս դատական հայց էր ներկայացրել իրեն հայ անվանած Թուրքիայում հայտնի հայ հասարակական գործիչ, լրագրող Հայկո Բաղդատի դեմ։ Քաղաքապետի փաստաբանները նշել էին, որ հայ բառը Գյոքչեքի համար որպես անձնական վիրավորանք է ընկալվել։