Հիշում եմ և պահանջում 

Թուրքիայում ձախակողմյան կուսակցությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված ժողովներ է կազմակերպում

Թուրքիայի «Հեղափոխական-սոցիալիստական աշխատավորական» (DSIP) կուսակցությունը միջոցառումներ է կազմակերպում, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության թեմային:



Ձախակողմյան ուժի՝ «1915-2015. Մարքսիզմը 2015-ին, Հայոց ցեղասպանություն» անունը կրող ժողովները նախատեսվում է անցկացնել ապրիլի 8-12-ը՝ տեղեկացնում է թուրքական «Մարքսիստ» լրատվակայքը: Ժողովների յուրաքանչյուր օրը քննարկվելու է առանձին թեմա, որի համար հատուկ հյուրեր են լինելու:



Ապրիլի 8-ի երեկոյան առաջին ժողովի ժամանակ քննարկվելու է «1915 թվականին առերեսվելու» թեման: Հյուրերի թվում են հայտնի իրավապաշտպան Էրեն Քեսքինը, «Ակօսի» հոդվածագիր Հովհաննես Քըլըդաղը, Թուրքիայի խորհրդարանից նախկին պատգամավոր Ուֆուք Ուրուսը, կուսակցության ղեկավարներ: Հաջորդ օրերին ևս տարբեր հյուրեր են մասնակցելու ժողովներին՝ հանդես գալով ելույթներով և զեկույցներով:



Ապրիլի 11-ին նախատեսված է Թուրքիայում հայտնի իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի հետ հանդիպումը: Այդ օրը մասնակիցները խոսելու են 1915-ին Ստամբուլում կախաղան բարձրացված հնչակյան գործիչների մասին:



Ժողովների ընթացքում քննարկվելիք թեմաների շարքում են լինելու Թուրքիայում ազգայնականության խնդիրը, Հայոց ցեղասպանության տնտեսական կողմը և այլ հարցեր:



Նշենք, որ ավանդաբար Թուրքիայի ձախակողմյան տարբեր քաղաքական շրջանակները Հայոց ցեղասպանությունը ճանաչող, այդ մասին բարձրաձայնող հատվածն են ներկայացնում: Վերջին տարիներին Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների զգալի մասը կամ կազմակերպում են ձախերը, կամ էլ անցնում է նրանց անմիջական մասնակցությամբ: Այնուամենայնիվ, ձախ քաղաքական ուժերը, ձախակողմյան գործիչները Թուրքիայում լայն ազդեցություն չունեն և ճնշող փոքրամասնություն են կազմում:

Նույն շարքից