«Հայաստանի էլեկտրական ցանցերը» գնող օֆշորային Liormand Holdings Limited ընկերության հիմնադիրներից մեկը՝ Սինան Բոդմերը աշխատում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա-բանկ»-ում: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Երեկ հայտնի դարձավ, որ Կիպրոսում գրանցված Liormand Holdings Limited-ը պատկանում է մեկ այլ՝ Marcuard Heritage ընկերությանը: Դրա պաշտոնական կայքէջում Սինան Բոդմերը (Sinan Bodmer) նշված է որպես ընկերության համահիմնադիր: Իր հերթին՝ «Ֆորա-բանկը»-ը Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբի ստորաբաժանումներից մեկն է, եւ բանկի պաշտոնական կայքէջում նշված է, որ 2003 թվականից Marcuard Heritage ընկերության մոսկովյան գրասենյակի ղեկավար Սինան Բոդմերը 2007-ից միաժամանակ հանդիսանում է նաեւ «Ֆորա-բանկը»-ի տնօրենների խորհրդի անդամ:
Երկու օր է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը չի պատասխանում «Ազատության» հարցմանը՝ արդյո՞ք Սամվել Կարապետյանն է ՀԷՑ-ի գնորդը, ով Forbes-ի ներկայացմամբ՝ 2015-ին Ռուսաստանի 26-րդ հարուստ անձնավորությունն է՝ իր 4 միլիարդ դոլար կապիտալով:
Դիմել են ռուսաստանաբնակ գործարարի եղբորը՝ ԱԺ հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանին՝ արձագանքելու վերոհիշյալ տեղեկություններին: Պատգամավորը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է, որ ՀԷՑ-ի գնորդը իր եղբայրն է: