Մարտի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպմամբ և Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Իսպանիայի Պինտո քաղաքում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Միջոցառմանը մասնակցել են Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Միջոցառման սկզբում ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Ադոնցը շնորհակալություն է հայտնել Պինտոյի քաղաքապետին և քաղաքապետարանի խորհրդի անդամներին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: Դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` ներկայացնելով դրանց էությունն ու բովանդակությունը:
Ցուցադրությունն ուղեկցվել է հայկական դուդուկի և երգերի կենդանի կատարումներով: