Հիշում եմ և պահանջում 

Amnesty International-ի բրիտանական բաժինը Լոնդոնում քննարկում կկազմակերպի Հայոց ցեղասպանության թեմայով

analitik.am

Ապրիլի 22-ին Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Մեծ Բրիտանիայի բաժինը քննարկում է կազմակերպելու Հայոց ցեղասպանության թեմայով: Քննարկումը կունենա «Ո՞վ է հիշում հայերի մասին» անվանումը, այս մասին տեղեկանում ենք բաժնի կայքէջից։ 



 

Քննարկմանը կմասնակցեն Armenian Film Foundation-ի ղեկավար Կառլա Կարապետյանը, Մեծ Բրիտանիայի Հոլոքոստի ազգային կենտրոնի համահիմնադիր Ջեյմս Սմիթը: Քննարկումը կվարի Amnesty International-ի Մեծ Բրիտանիայի բաժնի ղեկավար Քեյթ Ալենը:

 



Ինչպես նշվում է կազմակերպության կայքում, հանդիպման ընթացքում տեղի կունենա կինոդիտում, որի ժամանակ կհիշատակվեն Հայոց ցեղասպանության զոհերը: Վերջին երեք տարիներին Armenian Film Foundation-ն աշխատել է Սթիվեն Սփիլբերգի Shoah հիմնադրամի հետ և հավաքել Հայոց ցեղասպանությունը վերապրածների և ականատեսների 400 վկայություններ: Այս հազվադեպ հավաքածուն ներառում է հայերին, հույներին, արաբներին, ասորիներին և եզդիներին: Եզդիները Հայոց ցեղասպանության ականատես են եղել և այժմ, դժաբախտաբար, տեսնում են, թե ինչպես է պատմությունը կրկնվում, գրված է կազմակերպության կայքում:

 



Ցուցադրությունից հետո մասնակիցները կքննարկեն, թե ինչպես է անպատժելիությունը և վայրագություններն իրականացնողներին արդարադատության առջև չկանգնեցնելը բերում հետագա հանցագործությունների: Քննարկման հիմնական թեման կլինի Հայոց ցեղասպանությունը և այնուհետև կքննարկվեն նաև մարդկության դեմ հետագայում իրականացված հանցագործությունները և ցեղասպանությունները՝ ընդհուպ մինչև Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման հայտնվելը:

Նույն շարքից