Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Իսպանիայի Գրանադա քաղաքի Քրիստոնեական թեմաների ուսումնասիրության միջազգային կենտրոնում այս տարի մի շարջ ցուցադրություններ են նախատեսվում: Առաջիկա լուսանկարչական ցուցադրություններից մեկը կրում է «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» խորագիրը, որի ժամանակ կցուցադրվեն Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի արխիվում պահվող լուսանկարները:
Ցուցահանդեսին կներկայացվեն նախկինում և այժմ արված լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Հայոց ցեղասպանությունից հետո հայ մշակութային ժառանգության լքված վիճակը ներկայիս Թուրքիայում:
Ցուցադրության նպատակն է՝ ցույց տալ, թե ինչ տխուր իրականության է բախվել հայ ժողովուրդը, և որ Հայոց ցեղասպանությունը միայն տեղահանություններով ու սպանություններով չի ավարտվել. թուրքերն ավերել և կործանել են այս ժողովրդի հավատի և ազգային ինքնության իրական վկայությունը:
Անցյալ 100 տարում Թուրքիայի կառավարությունը շարունակել է ժխտել Հայոց ցեղասպանությունը և շարունակում է հայկական ժառանգության կործանման քաղաքականությունը: Ցուցադրությունը կանցկացվի ապրիլի 2-25-ը: