Ցեղասպանության բուն նպատակը հայերին կոտորելով հայկական տարածքներին և հայերի գույքի յուրացումն էր, հետևաբար, առանց դրանց վերականգնման Հայաստանը չի կարող բարեկեցություն պատկերացնել: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը՝ նշելով, որ ՀՀ-ն ներկա աշխարհաքաղաքական դիրքով չի կարող զարգանալ առանց այդ տարածքների:
«Ավելի շատ ուշադրությունը սևեռել ենք հարցի արտաքին կողմին՝ ով կգա, ով ծաղիկ կդնի և այլն, այնինչ իշխանությունները պետք է պատասխանեն երեք կարևոր հարցի՝ ի՞նչ ենք մենք ուզում: Երկրորդ հարցն այն է, թե ինչի հիման վրա ենք ուզում, կա՞ն արդյոք համապատասխան փաստաթղթեր, որոնց հիմա վրա ենք մենք դա պատկերացնում: Երրորդ հարցն էլ այն է, թե ինչու ենք ուզում դա: Արդյոք ներկայիս իրողությունները պե՞տք է որպես հիմք ընդունենք և շարունակենք»,- հարցադրում արեց Արա Պապյանը:
Ըստ նրա՝ մենք մոռանում ենք մի կարևոր հանգամանք, որ ՀՀ բնակչության 2/3-ը կենտրոնացված է Արարատյան դաշտում, իսկ այն բավական մոտ է թուրքական հրետանուն:
«Հարյուրամյակն, իմ պատկերացմամբ, առիթ պետք է լիներ այդ հարցերին պատասխանելու: Քանի որ աշխարհի ուշադրությունը սևեռված է հարյուրամյակին, ապա մենք պետք է անպայման օգտվենք այդ հնարավորությունից և բարձրացնենք մեր ուզած հարցերը»,-հայտարարեց Արա Պապյանը:
Նրա համոզմամբ, այսօր Հայաստանի չի օգտվում այդ հնարավորությունից, այլ հին՝ սովետական ձևով միջոցառում է նշում, այն է՝ ավելի շատ աղմուկ:
«Շարունակել ճանաչման պայքարը, առանց դրան ավելացնելու պահանջատիրական փաթեթը՝ անիմաստ է: Ապրիլի 24-ին մենք սեղանին պետք է դնեինք այն փաթեթը, թե ոնց պետք է մեր պահանջները լուծվեն: Իսկ դրա համար իրավաբաններից ձևավորված հանձնաժողով էր պետք»,- եզրափակեց Արա Պապյանը: