Հիշում եմ և պահանջում 

Ներողություն եմ խնդրում բոլոր հայ զոհերից և ծնկի եմ գալիս նրանց առջև մարդկության անունից. թուրք գրող Սերքան Էնգին

Թուրք բանաստեղծ Սերքան Էնգինը իր գրվածքներով փորձում է բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը Թուրքիայում: Նրա «Հանուն մարդկության» հոդվածը հրապարակել է soyarmenio.com-ը:


 

«Խորապես հավատում եմ, որ հավաքական պայքարի միջոցով հայ և թուրք երիտասարդները կկարողանան ոչնչացնել ատելությունը: Աշխատում եմ իմ գրվածքներով  բարձրացնել իրազեկությունը, հատկապես թուրք երիտասարդության շրջանում Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ասորիների, հույների, քաղդեացիների  ցեղասպանությունների մասին, որոնք բոլորն էլ իրականացրել  են մեր թուրք նախնիները:



Ես փորձում եմ փոխել Թուրքիայում հայերի և հույների հանդեպ սխալ ընկալումը, որն ստեղծվել է ստի պաշտոնական գաղափարախոսությամբ:  Փորձում եմ թուրք երիտասարդներին ցույց տալ մեր պատմության սարսափելի էջերը, որպեսզի կարողանանք վերացնել Թուրքիայում ռասիստական կրթության թերությունները: Մեզ սովորեցրել են, որ արգելվում է բոլոր ոչ թուրք էթնիկ ինքնությունների գոյությունը, ինչը բխում է քեմալական ֆաշիստական գաղափարախոսությունից:



Ադոլֆ Հիտլերը ժամանակին ասել է. «Մուստաֆա Քեմալի առաջին աշակերտը եղել  է Մուսոլինին, երկրորդը` ես»: Հավատում եմ, որ միայն իրազեկությունը կարող է փրկել աշխարհը:

 



Փոխհատուցում չենք կարող գտնել  մեծ գաղափարախոսությունների,  մեծ ղեկավարների, փողի, զենքի, օրենքների և տեխնոլոգիաների միջոցով, մեր առաջընթացը կայանում է  գիտակցության հետևողական զարգացմամբ և բարձրացմամբ: Գիտակցությունը կարող է զարգանալ կարեկցանքով, իսկ կարեկցանքն սկսվում է ուրիշների ցավը ճանաչելով: Բոլորս պետք է կարեկցանք զգանք բոլոր տառապողների հանդեպ և աջակցենք բոլոր նրանց, ովքեր ճնշված, անտեսված և շահագործված են:



Որպես թուրք կնոջ որդի` ընդունում և ճանաչում եմ Հայոց ցեղասպանության իրականությունը: Թեև անձամբ որևէ մասնակցություն չեմ ունեցել այդ հանցագործության կատարմանը, ներողություն եմ խնդրում բոլոր հայ զոհերից և ծնկի եմ գալիս նրանց առջև մարդկության անունից:  Ներողություն եմ խնդրում ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև` Հոլոքոստի, Ռուանդայի, Բոսնիայի, Կամբոջայի, Դարֆուրի և բոլոր տեսակի ցեղասպանությունների համար, որոնք իրականացվել են անխիղճ մարդկանց կողմից: Հավատում եմ, որ  մի օր կարող ենք հաղթահարել այս ատելությունը և գիտակցության պակասը»:

 

Նույն շարքից