Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ տնտեսական իրողություններին և զարգացման հեռանկարներին:
«Տնտեսությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ նույնիսկ կառավարությունը որևէ բան չի կարող անել: Նույնիսկ չենք էլ կարող հանձնվել, որովհետև այդ դեպքում էլ չենք փրկվի»,- ասաց նա:
Բանախոսը օրինակ բերեց Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, ասելով, որ այդ պայմաններում շեշտը դրվում է ներքին արտադրության վրա, և երկիրն արժեզրկում է արտարժույթը:
«Այդ քաղաքականությունն իր արդյունքները տալիս է: Բոլոր նախանշաններ կան, որ ՌԴ տնտեսությունը նոր բովանդակությամբ հնարավորություն կունենա զարգանալու: Սակայն կա մեծ «բայց». Ռուսաստանին հարկավոր են նաև ներդրումներ, սակայն պատժամիջոցները թույլ չեն տալիս»,- ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն այն իրավիճակում է, որ պետք է կա'մ տնտեսությունը զարգացնել, կա'մ կայունություն ապահովել:
«Տնտեսությունը մահանում է, մեր գնողունակությունն անկում է ապրում: Պետք է ճշտել նախ պատճառը»,- ասաց տնտեսագետը և վերջում ավելացրեց,-նույնիսկ ԵՏՄ-ին անդամակցությունը մեզ որևէ կերպ չի կարող օգնել: