Հիշում եմ և պահանջում 

Երևանում գտնվելու ցանկությունն այնքան ուժեղ էր, որ կոմիտեն չհապաղեց կայացնելու այդ որոշումը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ

analitik.am

Երևանը հուլիսին մի քանի օրով դառնալու է համաշխարհային համբավ ունեցող ցեղասպանագետների հավաքատեղի: Գիտական աշխարհի ավելի քան 300 ներկայացուցիչներ տարբեր մայրցամաքներից մեկտեղվելու են երկու տարին մեկ անցկացվող Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համաժողովին: «Արմենպրես»-ը ներկայացրել է հարցազրույց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (IAGS) նախագահ Դանիել Ֆերշտեյնի հետ:


-Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք Երևանում կայանալիք Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովից:

 

 

-Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախորդ բոլոր համաժողովները հիմնականում հենվում էին ընկերակցության անդամների ուսումնասիրությունների բազմազան թեմաների վրա: Սակայն այս տարվա համաժողովը կունենա Իթթիհատականների (Երիտթուրքերի) կողմից հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների 100-րդ տարելիցին ուղղված շեշտադրում:



1994 թվականին, երբ հիմնվեց IAGS-ը, կազմակերպության հիմնական նպատակն էր կոտրել այդ պահին գիտնականների շարքերում գոյություն ունեցող նացիստների կողմից իրականացված ցեղասպանության եզակիության վերաբերյալ կարծրատիպը: Այսպիսով, IAGS-ի անդամ ցեղասպանագետները համոզված են, որ ցեղասպանագիտությունը սկիզբ է առնում համեմատության մեջ և IAGS-ի կողմից առաջին ընդունած բանաձևերը նվիրված էին հայերի, ասորիների և հույների բնաջնջումներին: Հայտարարվում էր, որ դրանք ցեղասպանություններ էին:

 

 

-Ինչպե՞ս և ինչո՞ւ կայացվեց գալիք կոնֆերանսի վայրը Հայաստանն ընտրելու որոշումը:

 

 

-IAGS-ը հաջորդ համաժողովի վերաբերյալ դիմումները հիմնականում սկսում է ընդունել դրան նախորդող մի քանի տարի առաջ: Որպես կանոն, մենք ստանում ենք բավականին լավ առաջարկներ: Նույնը վերաբերվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջարկին, որն իրավունք ստացավ հյուրընկալելու 2015 թ. համաժողովը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևանում գտնվելու ցանկությունն այնքան ուժեղ էր, որ կոմիտեն չհապաղեց կայացնելու այդ որոշումը: Մյուս կողմից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պատրաստել և ներկայացրել էր շատ լավ ծրագիր-առաջարկ երևանյան գիտաժողովի վերաբերյալ, որը, ամենայն հավանականությամբ, դառնալու է IAGS-ի պատմության մեջ ամենակարևոր իրադարձություններից մեկը:



 

-Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հասնելու համար` հաշվի առնելով այն հանգամանքը, ոճրագործությունից 100 տարի անց այն դեռ չի արժանացել լիարժեք գնահատականի միջազգային հանրության կողմից, որն էլ իր հերթին նպաստում է, որ աշխարհում նման դեպքերը կրկնվեն:



-Կարծում եմ, որ ամենակարևոր գործոնը պետք է լինի ցեղասպանության մասին տեղեկության տարածումն աշխարհի տարբեր երկրների շարքային քաղաքացիների շրջանում, որպեսզի բնակչության տարբեր շերտերի համար այդ տեղեկությունը լինի հասանելի: Այդ թվում և Թուրքիայում, սփյուռքում, ամենուրեք: Խորապես համոզված եմ, որ վերջին տասնամյակների ընթացքում նմանատիպ քաղաքականությունը հաջողություն ունեցավ Թուրքիայում, անկախ տեղի իշխանությունների դիմադրությունից:



Երիտթուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը 70 տարիների ընթացքում շարունակաբար ժխտվում էր, սակայն վերջին տասնամյակների ընթացքում համարյա ամբողջ աշխարհին պարզ դարձավ տեղի ունեցածը՝ անկախ ներկա թուրքական կառավարություն շարունակական ժխտումից և իր տարբեր լծակների գործածումից ցեղասպանության փաստի ընդունման դեմ: Այնուամենայնիվ, շատ մարդիկ, Թուրքիայի սահմաններից ներս և դուրս, լավ տեղյակ են Օսմանյան հասարակության մեջ 1915-1917 և դրանց հաջորդող տարիներին տեղի ունեցածի մասին: Անձամբ չեմ հավատում ցեղասպանության քաղաքական ընդունմանը բազմազան միջազգային մարմինների կողմից, սակայն շատ կարևոր է խորը և առավել արդյունավետ աշխատել հասարակության տարբեր խավերի հետ՝ դպրոցների, համալսարանների, տարբեր երկրների փողոցներում:
 



-Հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայերին և այլ քրիստոնյա ազգերին կոտորում էին իրենց ազգային պատկանելության և հավատքի համար, այնուհետև հրեաներին, և այսօր Իրաքում ոչնչացման նշանառության տակ են եզդիները և քրիստոնյաները: Ինչպե՞ս կգնահատեք համաշխարհային հանրության և համաշխարհային գերտերությունների քայլերը՝ կանխելու այդ նոր ցեղասպանությունը:
 



-Վերջին հարյուրամյակում տարբեր ազգություններ, ինչպես նաև եզդիներն այսօր, աշխարհաքաղաքական խաղերի և երբեմն ուղղակի կամ անուղղակի կերպով գերտերությունների տարբեր տեսակի միջամտությունների զոհ են դառնում, երբ անտեսվում է համարյա ամեն ինչ: ԻԼԻՊ-ն իսլամական աշխարհի միակ արդյունքը չէ, ինչպես նաև ալ-Քաիդան կամ այլ կազմակերպություններ, որոնք ստեղծված էին «գերտերությունների» հատուկ ծառայությունների կողմից՝ տապալելու կամ ապակենտրոնացնելու համար իսլամական կառավարությունները (նմանը տեղի է ունեցել անցյալում Իրաքում և Աֆղանստանում, այսօր Բանգլադեշում):



«Թշնամիների» դեմ ավելի ու ավելի «ռազմական միջամտություն» պահանջելու փոխարեն, իմ կարծիքով, համաշխարհային հանրությունը պետք է ավելի հարգալից և աջակից լինի յուրաքանչյուր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:




Ի դեպ, օրեցօր թշնամու կերպարները փոփոխվում են՝ այսօրվա հերոսները երեկ սատանաներ էին, և ամիսներ հետո ոչ ոք չի հիշում թե լրատվամիջոցները ինչ էին գրում դրանց մասին մեկ տարի առաջ: Այսօր իսլամական աշխարհի ամենաապակայունացված վայրերն են ՄԱԿ-ի կամ այլ «գերտերությունների» օտարերկրյա ռազմական ներթափանցման զոհ դարձած Իրաքը, Աֆղանստանը, Լիբիան կամ երկրներ, որտեղ օտարերկրյա ներխուժումը արտահայտվում է տեղի տարատեսակ ռազմական խմբավորումների աջակցությամբ՝ փորձելով ազդել քաղաքացիական պատերազմի ընթացքին (օրինակ՝ Սիրիայի դեպքում): Այսպիսով, նմանատիպ միջոցառումները միտված չեն խաղաղ բնակչության իրավիճակը լավացնելուն: Ընդհակառակը այդ դեպքերում զոհված խաղաղ բնակչության թիվը աճում է 3, 5-6 անգամ:



Հստակ է, որ իրականությունը շատ ավելի խճճված է, քան արհեստական և բանալ պատկերները, որոնք ներկայացվում են միջազգային ԶԼՄ-ներում, այդ իսկ պատճառով ռումբեր նետելուց և ռազմական ուժ ուղարկելուց առաջ մենք պետք է ավելի խորը և զգուշությամբ վերլուծենք իրականությունը: XX դարի գերտերությունները հանդիսացել են «գերսպանողներ», հատկապես ինձ նման հարավային ժողովրդները (ես արգենտինացի եմ) հույս չունեն, որ նրանք կպաշտպանեն աշխարհը նոր ցեղասպանություններից:



Այդ առումով, մենք՝ ցեղասպանություններից տուժածներս, հավանաբար պետք է համախմբվենք, ստեղծենք փոքր, սակայն արդյունավետ խումբ, որը կխնդրի գերտերություններին դադարեցնել մեր տարածաշրջաններ զինամթերք ուղարկելը:

Նույն շարքից