Սանկտ Պետերբուրգի Ռուսական ազգային գրադարանում ապրիլի 1-ին` մոսկովյան ժամանակով ժամը 15.00-ին, «Ռուսական բարեգործությունը և Հայաստանը 1915-23թթ.» խորագրով ցուցադրություն կբացվի, որը կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, գրում է argumenti.ru-ն։
Կներկայացվեն բացառիկ փաստաթղթեր Ռուսաստանում բարեգործական հանձնաժողովների գործունեության մասին և հայերենով ու ռուսերենով հրատարակումներ գրադարանի ֆոնդից։
Դա 1916-1918թթ. հրատարակված «Армянский Вестник» և «Армяне и война» ամսագրերն են, որոնց նպատակն է եղել միջոցներ հավաքել և ուշադրություն հրավիրել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Նմուշների թվում են Պետրոգրադի քաղաքացիներին ուղղված կոչը, որում խնդրվում է օգնել փախստական հայերին, բարեգործական միությունների կանոնագրերը, փախստականների նամակագրությունը և այլն։
Հատուկ ուշադրության է արժանի «Հայերն Առաջին համաշխարհային պատերազմում» մենագրությունը, որում ներկայացված է հայերին հատկացված բարեգործական օգնության մասին արխիվային փաստաթղթերի ամենամեծ հավաքածուն։
Ցուցադրությանը կներկայացվեն 1915-ին սպանված հայ գրողներ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները։
Ցուցադրությունը կհամալրվի լուսանկարներով, որոնք տրամադրել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը։