Հիշում եմ և պահանջում 

Էրզրումում հակահայ գիտաժողով է անցկացվել. հայերին մեղադրել են «հարյուր հազարավոր թուրքերի կոտորածի» համար

Թուրքիայում շարունակվում են հակահայ գիտաժողովները, որոնց ժամանակ մասնակիցները ոչ միայն ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև հայերին մեղադրում «թուրքերին կոտորելու» համար:



Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նմանատիպ մի գիտաժողով է անցկացվել ներկայիս Թուրքիայի Էրզրում (Կարին) քաղաքում, որի բնակչությունն աչքի է ընկնում հայատյաց հայացքներով: Գիտաժողովը կազմակերպել է Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանը:



Գիտաժողովի ժամանակ ելույթ է ունեցել Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Էրոլ Քյուրքչուօղլուն: Վերջինս հանդես է եկել Հայոց ցեղասպանության ժխտման դիրքերից, ինչպես նաև հայերին մեղադրանքներ ուղղել:



«Ցեղասպանության հարցը մեր ազգի համար վերքի պես մի բան է: 1914-1919 թվականներին հայերն են 519 հազար քաղաքացիական անձանց սպանել: Հայերը փորձում էին Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստանում-խմբ.) մի Ղարաբաղ ստեղծել: Իրականությունը հայերի ասածի պես չէ»,- նշել է թուրք գիտնականը:



Նշենք, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման շրջանակներում հաճախ հայերին են մեղադրում «թուրքերի կոտորածների ու ցեղասպանության համար», ինչն անհիմն և ցինիկ մեղադրանք է: Արևմտյան Հայաստանի շատ վայրերում մեր օրերում կան հուշարձաններ, որոնք նվիրված են «հայերի կողմից կոտորված թուրքերին»:

Նույն շարքից