Հիշում եմ և պահանջում 

Վանում նշել են «քաղաքը հայերից ազատագրելու» տարելիցը

Թուրքիայում շարունակում են անցկացնել Արևմտյան Հայաստանի քաղաքները «հայերից և ռուսներից ազատելու» միջոցառումներ: Հերթական նման միջոցառումն անց է կացվել Վանում, որը ներկայումս առանձնանում է քրդական հոծ բնակչությամբ:



Միջոցառումն անց է կացվել Վանի կենտրոնում ապրիլի 2-ին, տեղեկացնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը: Մասնակիցները ծաղկեպսակներ են դրել Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալի արձանի մոտ, հնչեցրել Թուրքիայի օրհներգը, ապա ելույթներով հանդես եկել: Մասնակիցների թվում են եղել Վանի նահանգապետ Իբրահիմ Թաշյափանը, տեղի ժանդարմերիայի հրամանատարը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ՝ Վանի նահանգապետը հայերին մեղադրել է «մեծ թվով թուրքերի և այլ մուսուլմանների կոտորելու համար»: Միջոցառմանը ներկա են եղել նաև մեծ թվով քաղաքացիներ, ինչպես նաև դպրոցականներ:



Միջոցառումն անցել է ոստիկանական ուժերի ուժեղ հսկողության ներքո: Երեկոյան նախատեսված համերգը որոշել են չեղյալ համարել՝ կապված Ստամբուլում թուրք դատախազի սպանության հետ:



Նշենք, որ թուրքական իշխանությունների բարձր հովանու ներքո Թուրքիայում հաճախ են Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանը հայերից խլելու առթիվ նմանօրինակ՝ հայերի դեմ թշնամություն և ատելություն սերմանող միջոցառումներ կազմակերպվում։ Այս տարի նման միջոցառումներ մեծ հնչեղությամբ անցկացվում են հատկապես Էրզրումի նահանգում:

Նույն շարքից