Մարտի 31-ին Մեքսիկայում ՀՀ դեսպանության և Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի նախաձեռնությամբ Մեխիկոյի Գեղարվեստների պալատում կայացել է մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռեքվիեմի ամերիկյան բեմելը:
Համերգին ներկա են եղել մաեստրո Տիգրան Մանսուրյանը, Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի շրջանակներում մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունը կատարվեց երկրի գլխավոր՝ «Միներիա» նվագախմբի և «Վոկալիս» երգչախմբի կողմից՝ Հայաստանից հատուկ հրավիրված դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
Երեկոյի առաջին մասում ելույթ է ունեցել նաև աշխարհարռչակ հայազգի ալտիստ Քիմ Քաշքաշյանը՝ Կոմիտասի և Բրիթթենի կատարումներով: Համերգն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և լայնորեն լուսաբանվեց մեքսիկական մամուլում: