Բիզնես Տնտեսություն 

Կառավարությունում քննարկվել է Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանի տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից:

Վարչապետ Աբրահամյանը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ՀԲ-ի սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում մարզերում իրականացվում են սոցիալտնտեսական մի շարք ծրագրեր, արձանագրվում խնդիրները՝ համատեղ լուծումներ գտնելու նպատակով: Վարչապետը բարձր է գնահատել ՀԲ-ի ակտիվ գործունեությունը մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ տարածքային համաչափ զարգացման, էներգետիկայի, ենթակառուցվածքների, զբոսաշրջության եւ այլ բնագավառների զարգացման ուղղությամբ: Խոսելով էներգետիկայի ոլորտի զարգացման վերաբերյալ՝ վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքները տեսանելի կլինեն արդեն առաջիկա տարիներին, ինչի արդյունքում կունենանք կայուն եւ զարգացած էներգետիկ համակարգ:

Իր հերթին, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին նշել է, որ ՀԲ-ն լիովին սատարում է վարչապետ Աբրահամյանի ներկայացրած ՀՀ կառավարության գերակա ծրագրերի իրականացմանը եւ հայտնել ՀԲ-ի աջակցությունը՝ մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործում: Խոսելով Հայաստանի տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի մասին՝ տիկին Բեյլին նշել է, որ այն ուղղված է տարածքային համաչափ զարգացմանը, մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջիկների թվի հետեւողական աճին նպաստելուն, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու մշակութային ժառանգության պահպանմանը:

Այնուհետեւ ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ծրագրերի ղեկավար Ահմեդ Այվեդան մանրամասն ներկայացրել է ծրագրով նախատեսվող միջոցառումները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվելիք քայլերը եւ Հայաստանի զարգացման ռազմավարության թիրախները: Պարոն Ավյեդան նշել է, որ Հայաստանի տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի նպատակն է ենթակառուցվածքային ծառայությունների եւ ինստիտուցիոնալ կարողությունների բարելավումն՝ ուղղված մեր երկրի ընտրված մարզերում տեղական տնտեսության զարգացմանը, զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, այդ թվում՝  մշակութային ժառանգության վերականգնմանը եւ զբոսաշրջային երթուղու զարգացմանը: Ներդրումները կուղղվեն հանրային ենթակառուցվածքների, ճանապարհների, ջրամատակարարման բարելավմանը, հասարակական տարածքների, պատմական շենքերի, թանգարանների վերականգնմանը եւ այլն:

Այնուհետեւ ծրագրի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնց ուղղությամբ քննարկումները կշարունակվեն առաջիկայում:

Վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել ներկայացված ծրագիրը եւ կարեւորել դրանով նախատեսվող քայլերն ու միջոցառումները՝ տարածքային համաչափ զարգացման, ենթակառուցվածքների բարելավման եւ զբոսաշրջության խթանման առումով: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀԲ-ի հետ համագործակցությամբ ծրագիրը հաջողությամբ կյանքի կկոչվի:

ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ փոխգործակցության համար եւ ընդգծել վարչապետ Աբրահամյանի հետեւողականությունն ու նպատակամղվածությունը՝ ծրագրի մշակման եւ իրականացման գործում:

Նույն շարքից