Ժամանակակից աշխարհում, երբ ԶԼՄ-ները հիմնականում դարձել են ոչ թե զանգվածային լրատվական միջոցներ, այլ զանգվածային քարոզչական միջոցներ, մարդ փաստ է ուզում, ոչ թե ինֆորմացիա: Ուկրաինա, Սիրիա, Իրաք, այս երկրների կոնֆլիկտների կողմերից ամեն մեկը որևէ դեպքի մասին խոսելիս արմատապես տարբեր բաներ է ասում: Բոլորն էլ երբեմն ստում են, երբեմն`ոչ: Թացը չորից ջոկելը դժվար է շատ:
Այս օրերին, երբ ՌԴ ռազմաօդային ուժերը ներգրավված են ԻՊ դեմ պայքարի գլխավոր շարքերում, կրկին սկսվել են քարոզչական մարտերը: Առաջին իսկ ավիահարվածներից հետո արևմտյան ԶԼՄ ները հաղորդագրություն տարածեցին խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերի մասին, իսկ ռուսական ԶԼՄ ները հայտնում էին, որ հարվածներ են հասցվել ԻՊ զինյալներին և այդ շրջանում խաղաղ բնակիչներ չկան:
Երկու կողմի ԶԼՄ ներն էլ հեքիաթ պատմելուց լավ են, բայց հիշեցի մի քանի դեպք երկու տարի առաջ Սիրիայից: Ահաբեկիչները Դամասկոսի արվարձաններից մեկում ականապատ մեքենա էին պայթեցրել, իսկ արևմտյան ԶԼՄ ները հայտարարեցին, որ Ասադի բանակն է ավիահարված հասցրել : Ռուս լրագրողները գնացին դեպքի վայր, նկարահանեցին և ապացուցեցին, որ այդ թաղամասը սիրիական բանակի խոր թիկունքում է, այսինքն ավիահարված հասցնելու իմաստը բացակայում է:
Հետո արևմտյան ԶԼՄ ները աղմուկ բարձրացրեցին, իբր Ասադի հրամանով քիմիական զենքի կիրառում է տեղի ունեցել, որի <<զոհերի>> մարմինները տեսանկարահանվել էին, չմոռանանք, որ օրեր անց հայտնվեց ապացույց, որ դա կեղծ տեսանյութ է:
Ասեմ ավելին, երբ նոր էր տարածվել հաղորդագրությունը, իբր քիմիական զենքի կիրառման մասին, Մարատ Մուսինը և մյուս կամավոր լրագրողները կես ժամ անց մեկնեցին նշված վայր, առանց քիմիական պաշտպանության միջոցների շրջեցին տեղում, նկարեցին առանց այդ նույն միջոցների կռվող սիրիացի զինվորների: