Բիզնես Տնտեսություն 

Դանդաղել է հարկային եկամուտների մուտքը Հայաստանի պետբյուջե

Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով, նկատելիորեն դանդաղել է հարկային եկամուտների մուտքը Հայաստանի պետբյուջե։  Այսպես՝ հունվար-օգոստոս ամիսներին պետական գանձատան հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են ընդամենը  1,3%-ով (անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 4,2%-ի համեմատ)։ Նշենք, որ այսպես կոչված  «տնտեսական ակտիվության ցուցանիշը» ուղիղ երեք անգամ ավելի բարձր էր՝    3,9%։

Նշված ժամանակահատվածում հարկային եկամուտների մուտքերի բացարձակ աճը կազմել է 8,8 միլիարդ դրամից էլ պակաս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27,7 միլիարդ դրամի փոխարեն)։

Զգալի աճ է արձանագրվել մաքսային մուտքերի (մոտ 8,7 միլիարդ դրամի), եկամտահարկի (14,5 միլիարդ դրամ) եւ պետական սեկտորի աշխատակիցների համար պարտադիր՝ «նպատակային սոցիալական վճարների» ոլորտում (6,3 միլիարդ դրամից պակաս)։ Ինչպես հայտնի է, հարկի վերջին տեսակը սկզբունքորեն նոր է Հայաստանի համար։ Առանց դրա, պետբյուջեի հարկային եկամուտների աճի տեմպը կնվազեր մինչեւ խորհրդանշական  0,4%։

Միաժամանակ նկատելի անկում է արձանագրվել նաեւ ավելացված արժեքի հարկից ստացվող դրամական հոսքերի մեջ՝ ավելի քան 7,3 միլիարդ դրամ եւ շահութահարկի՝ ավելի քան 5,8 միլիարդ դրամի։ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո մի շարք ցուցանիշների հաշվարկի օպերատիվությունը նվազել է։ Շատ հաճախ տվյալներն ամբողջական չեն, հատկապես՝ մաքսատան տվյալները, որտեղից գալիս է տեղեկությունների մի մասը։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ԵՏՄ-ից ներկրվող ապրանքներն ազատվում են անմիջապես մաքսատանը ԱԱՀ մուծելու անհրաժեշտությունից։

Այսպես՝ հունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները մաքսատանը  21,3 միլիարդ դրամ պակաս են վճարել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։  Բացի վերոհիշյալ գործոնից, իր դերն է խաղացել նաեւ ապրանքների ներկրման անկումը  (26,3%-ով)։ Հավելենք, որ ընդհանուր առմամբ հունվար-հունիս ամիսներին խոշոր հարկատուները  0,9 միլիարդ դրամով պակաս հարկ են մուծել, քան նախորդ տարի։

Նույն շարքից