Տնտեսություն 

Իրանը Հայաստանի միջոցով կարող է մուտք գործել ԵԱՏՄ շուկաներ. Իրանի տրանսպորտի նախարար

Հայաստանը՝ որպես ցամաքային երկիր, հնարավորություն ունի Իրանի տարածքով դուրս գալ դեպի ծով: Այդ մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի եւ ճանապարհների նախարար Համիդ Բեհբահանին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպմանը։

Ողջունելով իրանցի պաշտոնակցին՝ Գագիկ Բեգլարյանը հույս հայտնեց, որ երկկողմ այցերն ու սերտ համագործակցությունը կակտիվացնեն հայ-իրանական գործընկերությունը տրանսպորտի ոլորտում՝ նշանակալի շահ բերելով երկու պետությունների տնտեսություններին: «Մեր ժողովուրդներն աշխարհին հայտնի են իրենց աշխատասիրությամբ, ստեղծագործ մեծ փորձով, այդ հանգամանքը եւս մեր երկկողմ հարաբերություններում պետք է գերակշիռ լինի»,- նշեց նախարարը:

Համիդ Բեհբահանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ կարեւորեց Հայաստանի ու Իրանի միջեւ արդեն գոյություն ունեցող բազմամյա բարիդրացիական կապերն ու գործնական շփումները:«Մեր պետությունները դարեր շարունակ եղել են մեկ քաղաքակրթության մեջ եւ մենք նոր հարաբերություններ, կապեր հաստատելու խնդիր չունենք, պարզապես պետք է դրանք խորացնենք: Այս հանգամանքը ավելի է հեշտացնում մեր աշխատանքը: Մեր շահերը փոխադարձ են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ գործարար հարաբերություններում: Հայաստանը՝ որպես ցամաքային երկիր, հնարավորություն ունի Իրանի տարածքով դուրս գալ դեպի ծով: Իսկ Իրանը Հայաստանի միջոցով կարող է մուտք գործել ԵԱՏՄ շուկաներ, ինչպես նաեւ Սեւ ծով»,- ասաց Իրանի իսլամական հանրապետության տրանսպորտի եւ ճանապարհների նախարարը:

Հանդիպման ընթացքում՝ նախարարներն անդրադարձան Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծին, ինչպես նաեւ ավտոմոբիլային բարձրակարգ ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրին՝ երկուստեք կարեւորելով դրանց դերը տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական զարգացման գործում:

Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը իրանցի պաշտոնակցի կողմից հրավեր ստացավ այցելելու Իրանի Իսլամական Հանրապետություն:

Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ նշեց, որ առաջիկայում անպայման կնախատեսի նման այց:

Նույն շարքից