Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները չեղարկելուց հետո Թեհրանը պլանավորում է էապես մեծացնել երկրի նավատորմի հզորությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ծովային տրանսպորտային նավատորմի ղեկավար Մոհամմադ Սայիդին, հայտնում է ISNA գործակալությունը։ Սայիդին ընդգծել է, որ նավերի գնման ծախսերը կֆինանսավորվեն միլիարդավոր նավթադոլարների հաշվին, որոնք այս պահին սառեցված են միջազգային բանկերում։
Գործակալության տեղեկություններով՝ այդ ծրագրով նախատեսում է մինչեւ 2020թ. շահագործման հանձնել բազմաթիվ նավեր։ Մասնավորապես պլանավորվում է գնել 579 հազար հատ 20-ֆուտանոց կոնտեյներ տեղափոխելու բեռնատարողունակությամբ կոնտեյներակիրներ, 1 մլն տոննա տարողունակությամբ չորաբեռներ եւ 1.6 մլն տոննա տարողունակությամբ տանկերներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տրանսպորտային նավատորմի ղեկավարը նշել է, որ բանակցություններ են տարվում Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ։