Լոնդոնը ծրագրում է Չինաստանի հետ մոտ 50 մլրդ դոլարի պայմանագրեր կնքել Մեծ Բրիտանիա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցի ընթացքում: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Նրա խոսքով՝ Չինաստանի հետ գործարքները կօգնեն Բրիտանիայում մոտ 4 000 նոր աշխատատեղ ստեղծել:
Պայմանավորվածությունների համաձայն՝ չինական արդյունաբերական 2 խոշոր խմբեր կմասնակցեն Անգլիայի հարավ-արևմուտքում «Հինքլի-Փոյնթ» ԱԷԿ-ի, նաև Սաֆֆոլք և Էսսեքս կոմսություններում 2 ատոմակայանների կառուցման նախագծին:
Մանչեսթեր այցի ժամանակ սպասվում է Անգլիայի հյուսիսի էներգոցանցերի նախագծում Չինաստանի ներդրումների վերաբերյալ պայմանագրերի ստորագրում:
Բացի էներգետիկայից՝ գործարքները կվերաբերեն տեխնոլոգիաներին, առողջապահությանը, մանրածախ առևտրին, կրթությանը, օդատիեզերական ոլորտին և արժութային առևտրին. Լոնդոնն ուզում է կենտրոնական համաշխարհային հարթակ դառնալ յուանով առևտրի համար:
Ցզինպինի պաշտոնական այցը Մեծ Բրիտանիա կտևի մինչև ուրբաթ: