Ռազմական Վերլուծական 

Թուրքական հետախուզությունը՝ պանթուրքական ծրագրերի իրագործման հիմնական շարժիչ ուժ. «Անալիտիկ» շաբաթաթերթ

analitik.am

Ղարաբաղյան իրադարձությունների սկզբնական փուլից թուրքական հետախուզությունն ու պանթուրքական կազմակերպությունները ակտիվորեն ձեռնամուխ եղան Կովկասի էթնիկ տարրերից ազգային-անջատողական կազմավորումների կազմակերպման գործընթացին՝ նպատակ հետապնդելով նրանց օգտագործել նախ ԽՍՀՄ-ի, ապա՝ ԱՊՀ-ի ու Ռուսաստանի դեմ:

Սումգայիթում ու Բաքվում խաղաղ հայ բնակչության կոտորածների ակունքներում կանգնած էին թուրքական հետախուզության ու «Գորշ գայլերի» էմիսարները: Կարճ ժամանակահատվածում պանթուրքական շրջանակներին հաջողվեց ստեղծել Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցությունն ու «Գորշ գայլերի» ադրբեջանական մասնաճյուղը: Թուրքական հետախուզությունը ակտիվ օժանդակություն էր ցուցաբերում տեղի ազգայնականներին՝ ղարաբաղյան շարժումը ճնշելու գործում:

Օպերատիվ տվյալների համաձայն, թուրքական հատուկ ծառայություններն ու պանթուրքական կազմակերպությունները ղարաբաղյան հակամարտության ընթացքում գործուն աջակցություն էին ցուցաբերում Ադրբեջանին. վերապատրաստում էին ադրբեջանցի գրոհայիններին ու զինծառայողներին, տրամադրում էին զենք-զինամթերք, իսկ թուրք հրահանգիչներն անմիջականորեն գլխավորում ու մասնակցում էին ռազմական գործողություններին, փոխանցում էին հետախուզական ինֆորմացիա: 1994թ-ին Բուդապեշտում Թուրքիան պատրաստակամություն հայտնեց ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկել 480 զինվորական:

Ռուսաստանի անվտանգության մարմինների տվյալներով, Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմում մասնակցել է թուրքական «Գորշ գայլերի» ավելի քան 2 հազար գրոհային: Ապշերոնյան թերակղզում «Գորշ գայլեր» կազմակերպության բազայի հիմքում գործում էր խոշոր ուսումնավարժական կենտրոն, որտեղ ռազմական պատրաստվածություն էին ստանում Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի ու Չեչնիայի ռազմական գործողություններին մասնակցած 2 հազար գրոհայիններ:

Վերոհիշյալ ճամբար հաճախակի այցելում էր չեչեն ահաբեկիչ Շամիլ Բասաեւը: Իսկ Բաքվի մերձակայքում գործող ճամբարը մասնագիտանում էր դիվերսիոն-հետախուզական գործունեություն ծավալելու ասպարեզում:

Ուսուցումը իրականացնում էին թուրք հրահանգիչները, իսկ գրոհայինները դիվերսիոն-քայքայիչ գործունեություն էին ծավալում հիմնականում Ռուսաստանի տարածքում: Գրոհայինները հագեցած էին ամերիկյան ու իսրայելական արտադրության սպառազինությամբ ու սարքավորումներով: Ղարաբաղյան հակամարտության թեժացման տարիներին Ադրբեջանում կազմավորվեց թուրք ռազմական խորհրդականներից ու հրահանգիչներից կազմված հատուկ ապարատ:

Ադրբեջանի նախագահին առընթեր ռազմական խորհրդական նշանակվեց թուրքական բրիգադային գեներալ Կալաբայջին: Ադրբեջանում վխտում էին 450 թուրք ռազմական մասնագետներ, որոնց զգալի մասը թուրքական հետախուզության ներկայացուցիչներ էին: Թուրքական հետախուզությունն ու պանթուրքական կազմակերպությունները մասնակցել են նաեւ աբխազական հակամարտությանը:

Թուրքիայի տերիտորիայում կազմավորված զինված ջոկատները Աբխազիայի կողմում մասնակցում էին ռազմական գործողություններին: Վարձկանների տեղափոխումը իրականցվում էր Տրապիզոնից Սոչի:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից