Այսօր Դորտմունդի «Բորուսիան» «Թուրքական ավիաուղիների» օդանավով մեկնել է Բաքու, որտեղ Եվրոպայի Լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրի շրջանակներում կհանդիպի «Գաբալայի» հետ:
Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է Գերմանիայում: Օդանավակայանում «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է Մխիթարյանի՝ Բաքու մեկնող թիմի կազմում չընդգրկվելը:
«Մենք միասին ենք որոշում կայացրել: Դա բոլոր շահագրգիռ կողմերի համար լավագույն որոշումն էր: Եթե սա կիսաեզրափակիչի հանդիպում լիներ, ապա, միգուցե, այլ որոշում կայացնեինք: Շատ հավանական է, որ Մխիթարյանին թույլ չտային հատել Ադրբեջանի սահմանը: Անվտանգության հետ կապված խնդիրներ կան: Բացի այդ, խաղացողը կարող էր իրեն լավ չզգալ և դա մենք հաշվի ենք առել: Հայ-ադրբեջանական հակամարտությունը սովորական կոնֆլիկտ չէ: Ահա թե ինչու մենք նման որոշում կայացրինք՝ մտածելով խաղացողների հանդեպ պարտավորվածության և զգուշության մասին», ասել է Վատցկեն:
Հիշեցնենք, որ «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին: