Հայաստանը «Doing Business 2016» զեկույցում 189 երկրների շարքում բարելավել է իր դիրքը 10 կետով, իսկ վերագնահատված արդյունքներով 3 կետով` բարձրանալով 35-րդ տեղը:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի վրա` հնարավորություն տալով իրականացնել միջերկրային համեմատություններ հետազոտված 189 երկրների միջեւ հետեւյալ 10 ոլորտներում`
• ընկերությունների հիմնում,
• շինարարական թույլտվությունների ստացում,
• սեփականության գրանցում,
• վարկերի ստացում,
• էլեկտրականության միացում,
• ներդրողների պաշտպանություն,
• հարկերի վճարում,
• արտաքին առեւտուր,
• պայմանագրերի կիրարկում,
• սնանկության ճանաչում:
Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 27-ին հրապարակած` «Կարգավորման արդյունավետության եւ որակի գնահատում» վարկանիշային զեկույցի տվյալներով, որը կազմվում է գործարարների եւ պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա` Հայաստանը 189 երկրների շարքում նախորդ տարվա հրապարակված արդյունքների (49-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 10, իսկ վերագնահատված արդյունքներով (38-րդ տեղ) 3 կետով` բարձրանալով 35-րդ տեղը:
«Հեռավորությունը սահմանագծից» ցուցանիշը ենթադրում է, որ բիզնեսով զբաղվելու համար կատարյալ կարգավորումներ ունենալու դեպքում երկիրը կարող է ունենալ 100 միավոր, իսկ վատագույն դեպքում` 0: Համեմատության համար նշենք, որ Հայաստանն այս ցուցանիշով գրանցել է 74,22 միավոր (նախորդ տարվա համեմատ արձանագրելով 1,54% աճ), իսկ վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Սինգապուրը` 87,34: