Microsoft ընկերության հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը և հայտնի բարերար Բիլ Գեյթսն այսօր դառնում է 60 տարեկան: Գեյթսը ծնվել է 1955թ. հոկտեմբերի 28-ին Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում:
Բիլը ցանկացել է միլիոնատեր դառնալ մինչ 30 տարեկանը, սակայն արդյունքում միլիարդատեր է դարձել 31 տարեկանում: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 79.3 մլրդ դոլար։
Գեյթսը բավականին խնայողաբար է ծախսում գումարը, թեև երբեմն բավականին խոշոր գնումներ է կատարում, օրինակ` անձնական ինքնաթիռ ավելի քան 40 մլն դոլարով:
Անհայտ փաստեր Բիլ Գեյթսի մասին
Բիլ Գեյթսը կարող էր բոլորիս հայտնի Գեյթսը չլիներ, եթե նրա փոքրիկ` Microsoft ընկերությունը պայմանագիր չկնքեր IBM ընկերության հետ, որտեղ աշխատում էր Բիլի մայրը:
Գեյթսի հիմնադրած առաջին ընկերությունը կոչվում էր Traf-O-Data, իսկ ներկայիս Microsoft ընկերության անվանումն ի սկզբանե գրվում էր Micro Soft:
Երբ 1968 թվականին Լեյքսայդի քոլեջում, որտեղ Բիլը սովորում էր, տեղադրվեցին առաջին համակարգիչները, Գեյթսը սկսեց գիշեր-ցերեկ այնտեղ անցկացնել, այդ պատճառով էլ նրա գնահատականնեը տուժեցին:
Մանուկ հասակում Բիլը շատ էր սիրում ճոճարան նստել: Եթե հիմա նա մտածելու բան ունի, կրկին ճոճարան է նստում:
Նրա դասախոսներից մեկը մի անգամ Բիլի մասին ասել է. «Բիլը հիանալի ծրագրավորող է, բայց զզվելի մարդ է»:
Իր առաջին ծրագիրը Բիլը գրել է, երբ դեռ դպրոցում էր սովորում: Այն օգնում էր գրանցվել այն դասերին, որտեղ գեղեցիկ աղջիկներ էին լինում:
Երբ Գեյթսն ամուսնանում էր Մելինդա Ֆրենչի հետ 1994 թվականին, նա վարձել էր Հավայան կղզիներից մեկը հատուկ այդ նպատակով: