Հիշում եմ և պահանջում 

Կիպրոսում թողարկվել է «Կիպրոս-Հայաստան» միացյալ դրոշմանիշը

Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ապրիլի 2-ին մասնակցել է «Կիպրոս-Հայաստան» միացյալ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությանը:


 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։


Դրոշմանիշը թողարկվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Միացյալ դրոշմանիշի թողարկումը արտացոլում է դարերով կապված երկու ժողովուրդների համերաշխությունը և երկարամյա հարաբերությունները: Դրոշմանիշի վրա պատկերված է հայապահպանության դարբնոց ընկալվող Մելքոնյան կրթական հաստատությունը, որի առջևում երևում են հայ որբերի տնկած ծառերը՝ ի հիշատակ իրենց նահատակված ծնողների:

 

Նշենք, որ Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է Կիպրոսում 1924 թվականին, եգիպտահայ արդյունաբերող եղբայրներ Կարապետ և Գրիգոր Մելքոնյանների կողմից՝ որպես Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հանգրվան և կրթարան:
 


Միացյալ դրոշմանիշի ներկայացման պաշտոնական արարողությանը ելույթ են ունեցել Կիպրոսի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները, Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը, Կիպրոսի Հանրապետության կապի նախարարը:

 

Նույն շարքից