Ստամբուլի «Բիլգի» համալսարանի ղեկավարությունը որոշել է հրաժարվել ապրիլի 26-ին նախանշված «Հայոց ցեղասպանություն. հայեցակարգեր և համեմատական հեռանկարներ» խորագրով համաժողովից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» պարբերականը։
Համալսարանի ղեկավարության նման որոշումը քննադատություն է առաջ բերել մասնակիցների և թուրքական հասարակության առաջադեմ որոշ շրջանակներում:
«Բիլգի» համալսարանի պատմության բաժնի վարիչ Բյուլենթ Բիլմեզը, որը համաժողովի կազմակերպիչներից է, հայտարարել է, որ այժմ իրենք Ստամբուլում նոր վայր են փնտրում միջոցառումն անցկացնելու համար:
«Մեկ շաբաթ առաջ մեր դեկանն ասաց, որ կոնֆերանսը մեր համալսարանում չի անցկացվելու: Ցանկացա իմանալ, թե որոշման հետևում ով է կանգնած, ինչու է նման որոշում կայացվել, սակայն որևէ պատասխան չստացա: Շատ զարմացած եմ: Այժմ փորձում ենք միջոցառումը տեղափոխել Ստամբուլում հարմար մի սրահ»,- նշել է համալսարանի պատմության բաժնի վարիչը:
Նշենք, որ Ցեղասպանության վերաբերյալ համաժողովն անցկացվելու էր Հայկական սփյուռքի նախաձեռնությամբ, իսկ կազմակերպիչները լինելու էին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, «Բիլգի» համալսարանը և թուրքական «Թարիհ» հիմնադրամը։
Համաժողովին մասնակցելու էին աշխարհի տարբեր երկրների գիտնականներ։ Հրավիրվածների թվում էին Նորման Նայմարքը, Ջեյ Ուինթերը, Դիրկ Մոզեսը, Մյուգե Գյոչեքը, Քեթի Քարմայքլը և ուրիշներ։
Նշենք, որ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում, այդ թվում և գիտական ուղղությամբ: Թուրքիան տպագրում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական ու միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը: Այդուհանդերձ, Թուրքիայի տարբեր շրջաններում Ցեղասպանության թեմայով անցկացվում են հատուկենտ միջոցառումներ, որոնց շրջանակներում պատմական իրադարձություններին տրվում են ճշգրիտ գնահատականներ։
Նախկինում «Բիլգի» համալսարանն աչքի է ընկել Հայկական հարցի տեսանկյունից համեմատաբար ազատ և բաց դիրքորոշմամբ: Չի բացառվում, որ համալսարանում որոշել են հրաժարվել համաժողովից թուրքական իշխանությունների ճնշման ներքո: