Ռուսաստանը երբեք չի պատերազմել Հայաստանի հետ, երկրների միջև միշտ եղել են լավ հարաբերություններ, այդպես էլ շարունակվում է մինչ օրս։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ասվում է կուսակցության պաշտոնական կայքում։
«Դա պայմանավորված է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով, որը գտնվում է ռիսկային գոտում»,- նշել է Ժիրինովսկին։
Պատգամավորի կարծիքով՝ այսօր շրջանի ամենացավոտ հարցերից է Լեռնային Ղարաբաղը։ Ռուսաստանը ոչ մի հիմք չունի իր բանակային ուժերով խառնվելու, սակայն Հայաստանի և Ադրբեջանի հետ պայմանավորվածությամբ Ռուսաստանը կարող է խաղաղապահ ուժեր մտցնել՝ արյունահեղությունը բացառելու նպատակով։ «Թեև միշտ էլ կան կողմնակի միջամտության և սադրանքների ռիսկեր, ինչպես դա եղավ Աբխազիայի դեպքում»,- հիշեցրել է Ժիրինովսկին։
Նա հակառուսական տրամադրությունների գլխավոր սադրիչ է համարում ԱՄՆ-ին։ Թեև պատգամավորը կոչ է անում Հայաստանին ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, սակայն միևնույն ժամանակ «նախազգուշացնում է, որ առանց Ռուսաստանի այդ երկիրը դեմ առ դեմ կմնա Իրանի և Թուրքիայի հետ»։
Թեման, որը կարող է նպաստել հայերի և ռուսների համախմբմանը, Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է, նշում է նա։
«Ես կարծում եմ, որ մեզ պետք է ընդհանուր Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր սահմանել։ Հայոց ցեղասպանությունը եղել է ամենախոշորը, սակայն այդ ժամանակաշրջանում ոչնչացվել են նաև այլ ազգեր՝ ռուսներն Ավստրո-Հունգարիայում, հետագայում հրեաները, գնչուները և շատ ուրիշներ։ Այժմ ռուսներին ոչնչացնում են Ուկրաինայում։ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում սպանում են քրիստոնյաներին իրենց հավատի համար, ոչնչացնում են նրանց մշակութային հուշարձանները։ Պետք է մեկընդմիշտ կանխել նման երևույթները»,- նշել է քաղաքական գործիչը։