Հիշում եմ և պահանջում 

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումը չի ազդի այդ հարցում Թուրքիայի դիրքորոշման վրա. փորձագետ

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումը չի ազդի այդ հարցում Թուրքիայի դիրքորոշման վրա, հինգշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասել է քաղաքագետ Մովսես Դեմիրճյանը` մեկնաբանելով բողոքի ակցիաները, որոնք հինգշաբթի անցկացվել են աշխարհի տարբեր երկրներում Գերմանիայի դեսպանատների առջև։



Մասնավորապես` Երևանում նմանատիպ ակցիա է կազմակերպել «Դաշնակցություն» կուսակցության երիտասարդական միությունը։ Մասնակիցները պահանջել են ԳԴՀ–ի կառավարությունից` կոչ անել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը,  ավելի հստակ դիրքորոշում արտահայտել այս հարցում`ընդունելով Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։



«Հարկավոր է հասկանալ, թե այս կամ այն պետության կողմից Ցեղասպանության ճանաչումը որքանով կազդի Թուրքիայի կողմից այդ փաստի ճանաչման վրա։ Բոլորին թվում է, որ որքան մեծ թվով երկրներ ճանաչեն Ցեղասպանությունը, այնքան ավելի շատ հավանականություն կա, որ այդ քայլին կգնա նաև Անկարան, սակայն իրականում դա միմյանց հետ կապված չէ», – նշել է Դեմիրճյանը։



Նրա խոսքերով` Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը հայերի համար մեծ բարոյական նշանակություն ունի։ Սակայն, փորձագետի կարծիքով, Գերմանիայում շատ լավ հասկանում են, որ այդ քայլը նշանակում է Թուրքիայի հետ հարաբերությունների ձևաչափի փոփոխություն։ «Եվ այդ հարաբերությունները փոխելուց առաջ Գերմանիան պետք է գիտակցի իր շահը, հասկանա, թե ինչ է այս դեպքում ձեռք բերում և ինչ` կորցնում», – ասել է Դեմիրճյանը։

Նույն շարքից