Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Բրեմենի «Վերդերի» դեմ Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում:
Մխիթարյանը երկու հարված է կատարել դարպասին, մեկ հարված՝ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 67 փոխանցումներից 74.6 տոկոսը հասել է թիմակիցներին: 26-ամյա կիսապաշտպանը մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, երկու անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, մեկական անգամ խլել է գնդակը եւ կասեցրել է մրցակցի գրոհը: Մխիթարյանը կանոնները խախտել է երեք անգամ, երկու անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, նրա դեմ պայքարում կանոնները խախտել են չորս անգամ:
Մխիթարյանը ստացել է 8.46 գնահատական, ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող եւ ընդգրկվել է հոկտեմբերի խորհրդանշական հավաքականում:
Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել է 3:1 հաշվով, Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: