Իտալիայի Նեապոլ քաղաքի հենց կենտրում է գտնվում Հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցը: Նույն փողոցի վրա է տեղակայված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ «Սան Գրեգորիո Արմենո»-ն, որտեղ պահվում են առաջին կաթողիկոսի մասունքները, այդ թվում՝ գանգը: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը։
Իտալիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր մասնակցեցին եկեղեցական արարողության, որը մատուցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպեի կողմից:
Եկեղեցական արարողության ավարտից հետո, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը եկեղեցու բակում հանդիսավորությամբ բացեց նույնությամբ ռեստավրացված Հին Ջուղայի խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այնուհետ կայացավ խաչքարի օծման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծին տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիստը, Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպեն, դեսպաններ և այլ բարձրաստիճան հյուրեր՝ երկու երկրներից: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման աշխատանքները նախաձեռնելու և վերակառուցման գործում իր մեծ ներդրման համար, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին պարգևատրեց եկեղեցական բարձրագույն՝ Անանիա Շիրակացի շքանշանով: Նեապոլի քաղաքապետը ՀՀ նախագահին պարգևատրեց Նեապոլ քաղաքի շքանշանով: