Ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը և Պապի հնչեցրած «ցեղասպանություն» եզրույթի կիրառումն արժանացել են թուրքական լրատվամիջոցների լայն լուսաբանմանը:
Ermenihaber.am կայքի տեղեկացմամբ՝ թուրքական բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Հռոմի Պապի մատուցած պատարագին և նրա կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը: Թուրքական հրապարակումներում առաջին պլան է բերված Հռոմի Պապի կողմից «ցեղասպանություն» եզրաբառի կիրառման փաստը և հիշեցումը, որ Պապը նախկինում ևս հնչեցրել էր 1915-ի վերաբերյալ նման տեսակետ: Պատարագի մասնակիցների և ընդհանուր մասնրամասների մասին հիշատակումով թուրքական ԶԼՄ-ները ուղիղ մեջբերել են Պապ Ֆրանցիսկոսի հետևյալ ձևակերպումը՝ «20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունն իրականացվել է հայերի նկատմամբ»:
Մասնավորապես ընդդիմադիր «Dogan Haber» լրատվական գործակալությունը նշում է. «Չնայած Թուրքիայի բոլոր դիվանագիտական նախաձեռնություններին, Պապն ասաց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի դեմ է իրականացված եղել»:
Չափավոր իշխանամետ «Posta» պարբերականի կայքն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հռոմի ներկայիս պապը առաջինը և միակը չէ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդներից, որ 1915-ին կատարվածն անվանել է ցեղասպանություն:
«Ավելի վաղ, Պապ Ֆրանցիսկոյից առաջ էլ Վատիկանը կրկին օգտագործել էր «ցեղասպանություն» եզրաբառը»:
Ընդդիմադիր լրատվամիջոցներից «Cumhuriyet»-ը նշում է, որ Հայոց ցեղասպանություն ասաց այն Պապը, որը եղել է Էրդողանի նախագահական պալատի առաջին պաշտոնական հյուրը: «Ասաց «ցեղասպանություն» ու Անկարային տակնուվրա արեց»:
Ձախակողմյան «Birgun» պարբերականը հիշեցնում է, որ դեռևս մարտի վերջերին Վատիկանում Թուրքիայի դեսպանն ասում էր, թե սպասելիք ունեն, որ պապը չի օգտագործի «ցեղասպանություն» եզրաբառը:
«Անկարայում «ցեղասպանության» երկրաշարժ է»,- գրում է աղբյուրը: