Տնտեսություն 

Գրանցվել է ՀՀ ներհոսող տրանսֆերտների նվազում. ՀՀ Կենտրոնական բանկ

2015 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է ՀՀ ներհոսող տրանսֆերտների ու երկրից արտահանման նվազում: Այս մասին ասված է ՀՀ կենտրոնական բանկի 2015 թ. առաջին կիսամյակի«Ֆինանսական կայունության հաշվետվության» մեջ:

Ըստ այդմ, նշվել է, որ 2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքում շարունակել են արդիական մնալ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը, Հայաստան ներհոսող տրանսֆերտների ու մեր երկրից արտահանման նվազումը: Բանկային համակարգի վրա նշված զարգացումներն արտացոլվել են վարկային ռիսկի աճով եւ շահութաբերության նվազմամբ: Այնուամենայնիվ ԿԲ կողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին իրացվելի եւ կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար:

2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ տնտեսության եւ ֆինանսա¬կան կայունության վրա ազդող հիմնական արտաքին ռիսկերը պահպանվել են, սակայն նկատվել է վերջիններիս ազդեցության աճ: Մասնավորապես, միջ¬ազգային շուկաներում գունավոր մետաղների գների, Հայաստանի Հանրապետության կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ  պահանջարկի, ինչպես նաեւ ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների նվազումը նպաստել են ներքին սպառման, տնտեսական աճի դանդաղ¬մանը: Նշված զարգացումները բացասաբար են ազդել տնային տնտեսությունների եկամուտների, ձեռնարկությունների վարկունակության վրա: Կիսամյակի ընթացքում տնտեսական աճը խթանելու նպատակով պետական բյուջեն ունեցել է ընդլայնողական ազդակ, ՀՀ ԿԲ-ն եւս տարեսկզբի համեմատ թուլացրել է դրամավարկային պայմանները:

Մակրոտնտեսական ռիսկերի աճի, 2014 թ. տարեվերջին դրամի արժեզրկման, ինչպես նաեւ նախորդող տարիներին արձանագրված վարկային պորտֆելի արագատեմպ աճի պայմաններում պահպանվել է չաշխատող ակտիվների տեսակարար կշռի աճի միտումը, որը, սակայն, տարածաշրջանի երկրների համեմատ գտնվում է համեմատաբար ցածր մակարդակում: Կենտրոնական բանկը շարունակել է բանկային համակարգի առավել հաճախակի ու բազմակողմանի սթրես թեստավորումը, ինչպես նաեւ կիրառել է մի շարք պրուդենցիալ կարգավորման գործիքներ՝ վարկային ռիսկի զսպման նպատակով: Վատորակ վարկերի աճի եւ տոկոսային մարժայի նվազման արդյունքում նվազել է բանկերի շահութաբերությունը: 2014 թ. դեկտեմբերին ԿԲ կողմից բարձրացվել է առեւտրային բանկերի նվազագույն կապիտալի պահանջը մինչեւ 30 մլրդ դրամ (վերջնաժամկետը 2017 թ.), ինչը ենթադրում է բանկերի կողմից վարկավորման ծավալների աճի հնարավորություն, լրացուցիչ բարձիկ է ստեղծում երկարաժամկետում ռիսկերի կլանման համար:

Ոչ բանկ ֆինանսական հաստատություններում դիտարկվել է գործունեության ծավալային ընդլայնում, սակայն վերջիններիս մասնաբաժինը ֆինանսական համակարգում շարունակում է մնալ բավականին փոքր:

Ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգում առկա ռիսկերը դրսեւորել են աճի միտում, սակայն կառավարելի են, եւ ֆինանսական համակարգը ունակ է դիմակայելու տարբեր տիպի ցնցումներին:

Նույն շարքից