Այս ամիս լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը պաշտոնապես ճանաչելու խոստում տվեց, սակայն իր խոսքին այդպես էլ հավատարիմ չմնաց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Իսրայելական The Jerusalem Post պարբերականն այսպես է սկսում Հայոց ցեղասպանության թեմայով գրված իր ծավալուն հոդվածը, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև։
Անդրադարձի հեղինակ Շմուլի Բոթիչը նշում է, որ «6 տարի անընդմեջ Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը դրժող Օբաման այդպես է վարվում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկին` Թուրքիային չնեղացնելու համար»:
«Նախագահ Օբաման չի ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը` վախենալով թուրք բռնապետին (Ռեջեփ Թայիփ Էրդողան-Tert.am) սադրելուց»,- շարունակում է Շմուլին: Այնուհետև հեղինակը պարզ կերպով մեջբերում է Օբամայի` 2008թ. հնչեցրած ելույթից հատված, որում ԱՄՆ-ի ղեկավարն ասում է, որ «Հայոց ցեղասպանությունը ո՛չ պնդում է, ո՛չ սուբյեկտիվ կարծիք, ո՛չ էլ` տեսակետ»: Նրա խոսքով՝ «Հայոց ցեղասպանությունը հստակ պատմական փաստ է»:
«Փաստերն անհերքելի են: Իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որը ստիպում է դիվանագետներին հերքել պատմական այդ փաստերը, ուղղակի անընդունելի է: Որպես նախագահ՝ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»,- մեջբերում է հեղինակն այն ժամանակ դեռ սենատոր Օբամայի խոստումը:
Հոդվածագիրը նկատում է, որ այդ «պատմական» խոստումից անցել է 6 տարի, և նախագահը կարծես չի էլ գիտակցում, որ դրժել է այն:
«Ընդհակառակը, նա տարբեր առիթներով նշում է, որ պատմական փաստերի վերաբերյալ իր վերաբերմունքն ամենևին էլ չի փոխվել: Սակայն պատմական «փաստերի» մասին խոսելու փոխարեն նա ընդամենը պետք է նախագահական ուղերձում արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը, ինչից անընդհատ խուսափում է:
Ապրիլքսանչորսյան իր ուղերձներում Օբաման օգտագործում է «սպանդ», «եղեռն» բառերը` չօգտագործելով 1.5 մլն հայի հետ պատահած դժբախտությունը բնորոշող իրական եզրույթը` «ցեղասպանություն»»,- շարունակում է Շմալին:
Հեղինակը հիշեցնում է Օբամայի նաև այն խոսքերը, ըստ որոնց՝ «ինքը մտադիր է ԱՄՆ-ի համար լինել այն նախագահը, ով ճշմարտացիորեն կխոսի Հայոց ցեղասպանության մասին ու պատասխան կտա բոլոր ցեղասպանությունների համար»:
«Պարո՛ն նախագահ, մտադրությունները ոչինչ չարժեն, գործե՛լ է հարկավոր: Պահե՛ք Ձեր խոստումը, քանի որ 1.5 մլն հայ դրան է սպասում»,- այսպիսի կոչով է եզրափակում հեղինակն իր հոդվածը:
Աղբյուրը՝ tert.am