Երեկ Մադրիդի թագավորական «Ալմուդենա» տաճարում տեղի է ունեցել պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն մատուցել է Մադրիդի արքեպիսկոպոս Կառլոս Օսորո Սիերան՝ Իսպանիայի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ ԱԳՆ ծառայությունից տեղեկացնում են, որ պատարագին ներկա են եղել Իսպանիայի Կոնգրեսի և Սենատի անդամներ, արտաքին գործերի և համագործակցության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսպանիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, իսպանացի մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Իր խոսքում արքեպիսկոպոս Օսորոն նշել է, որ պատարագը նվիրված է հայերի վերապրած ողբերգությանն ու դժոխային տառապանքներին:
Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ ներկայումս տիրող իրավիճակը Մերձավոր Արևելքում և աշխարհի թեժ կետերում ժամանակին ցուցաբերված անտարբերության արդյունքն է և հանցակից լռություն պահպանելու հետևանք:
Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը նշել է. «Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը ոչ միայն սգալու համար մեր կորուստները, այլև մեր երախտիքի խոսքն ասելու այն երկրներին ու անհատներին, որոնք ժամանակին օգնության ձեռք մեկնեցին մեր հայրենակիցներին, փրկեցին նրանց՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը և հետագայում ապաստան ու տանիք տվեցին վերապրածներին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հիմնական նպատակներից մեկը նման ոճրագործությունների հետագա կանխարգելումն է աշխարհի ցանկացած կետում՝ ցանկացած ռասայի, ազգության կամ կրոնական ներկայացուցիչների նկատմամբ: Վստահ եմ, որ միասին և այս ուղղությամբ համատեղ աշխատելու դեպքում մենք կունենանք առավել անվտանգ, պաշտպանված և արդար աշխարհ: Շնորհակալություն այսօր մեր կողքին լինելու համար»:
Պատարագն ուղեկցվել է հայկական հոգևոր երգչախմբի կատարումներով: Հայերենով ընթերցվել են հատվածներ Աստվածաշնչից:

