«Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի` Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ» համաժողով կանցկացվի ապրիլի 17–ին Մոսկվայում, հայտնում է Կոնստանտին Զատուլինի և ԱՊՀ երկրների ինստիտուտի մամուլի ծառայությունը։
«2015 թվականի ապրիլին լրանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100 տարին։ Հայ ժողովրդի ազգային ողբերգությունը, որը ժամանակակիցները որակում են որպես «մարդկության դեմ հանցագործություն», բացել է 20–րդ դարի չարագործությունների շարք, որոնք վաղեմության ժամկետ չունեն։ Ռուսաստանի Դաշնության պետական դուման քննադատել է 1915-1922 թվականների ցեղասպանությունը և ապրիլի 24–ը ճանաչել է Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,– ասվում է հաղորդման մեջ։
«Ռուսաստանի Դաշնության հանրային պալատը, Ռուսաստանի հայերի միությունը և ԱՊՀ երկրների ինստիտուտը (Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտ) ապրիլի 17–ին «Պրեզիդենտ–Օտելում» անցկացնում են «Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի` Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ» համաժողով»,– նշեցին կազմակերպիչները։
Համաժողովին կմասնակցեն` Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի քարտուղար Ալեքսանդր Բրեչալովը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Պետական դումայի պատգամավորներ և Դաշնային խորհրդի անդամներ, Հանրային պալատի անդամներ, պատմաբաններ և լրագրողներ։