Թուրքիան վիրավորվեց սեփական պատմությունից: Այս մասին գրել է News.am-ը` հղում անելով շվեդական Avpixlat պարբերականին, որը մեկնաբանել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունը:
Պարբերականի հոդվածում նշվում է.
«Հռոմի Ֆրանցիսկոս I Պապը կրկին քննադատության ենթարկեց Մերձավոր Արևելքում քրիստոնյաների սպանությունների առիթով միջազգային հանրության լռությունը: Նա հայտարարեց նաև Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին, ինչը լրջորեն բարկացրեց Թուրքիային, որը հետ կանչեց Վատիկանում իր ներկայացուցչին: Ֆրանցիսկոս I-ն այդ մասին հայտարարեց Հռոմում պատարագի ժամանակ, որին ներկա էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա այդ իրադարձություններն անվանեց XX դարի առաջին ցեղասպանություն:Հռոմի պապերից «XX դարի առաջին ցեղասպանություն» արտահայտությունը հնչեցրել է Հովհաննես Պողոս II-ը՝ 2001 թվականին, հայկական եկեղեցու առաջնորդ Գարեգին II-ի հետ համատեղ հայտարարությամբ:
Անկարայի առաջին հայտարարություններից հետո Թուրքիայի ԵՄ հարցերի նախարար Վոլքան Բոզքիրն ավելի առաջ գնաց՝ հայտարարելով նացիստների հանդեպ Պապի «համակրանքի» մասին: Իսկ Թուրքիայի սուննի մահմեդականների մուֆթի Մեհմետ Գորմեզը հայտարարեց, որ Պապի հայտարարություններն անհիմն էին»: