Հիշում եմ և պահանջում 

Բրիտանիկա հանրագիտարանը Ցեղասպանության մասին հոդվածում «կոտորածները» փոխարինել է «ցեղասպանությունով»

Բրիտանական հանրահայտ «Encyclopedia Britannica» հանրագիտարանը խմբագրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածը` «Armenian massacres»-ը («Հայերի կոտորածները») փոխարինելով «Armenian Genocide» («Հայոց ցեղասպանություն») վերնագրով, հայտնում է Panorama.am-ը:



Հոդվածում մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում Երիտթուրքերի կառավարության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) հայերի դեմ դաժան արշավ էր: Հարյուր հազարավոր մարդկանց սպանությունը գիտնականների և կառավարությունների թեժ քննարկումների առարկա է դարձել:



Հայերը նշում են, որ արշավը հայ ժողովրդին ոչնչացնելու կանխամտածված փորձ էր, այսինքն՝ ցեղասպանություն: Թուրքիայի կառավարությունը դիմադրում է և հրաժարվում է ճանաչել այն որպես այդպիսին` պնդելով, որ թեև վայրագությունները տեղի են ունեցել, բայց հայերի դեմ՝ որպես խմբի, բնաջնջման պաշտոնական քաղաքականություն չի եղել»:



«Բրիտանական հանրագիտարանը» ներկայումս հրատարակվող համապարփակ հանրագիտարաններից հնագույնն է. տպագրվել է 1768–71 թթ-ին, Էդինբուրգում: Նախկինում եղել են դեպքեր, երբ Հայաստանի վերաբերյալ նյութերը հանրագիտարանում աղավաղված են ներկայացվել:

Նույն շարքից