Պատմությունը պետք է հիշել գոնե նրա համար, որպեսզի երբեք չկրկնվեն դրա սարսափները։ Եվ այդ առումով ազգայնական արտահայտությունները, որոնք գնալով ավելի հաճախ են լսվում ինչպես Լատվիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, անհավանական ողբերգության տանող առաջին քայլերն են։
Այնպիսի ողբերգության, ինչպիսին 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում եղավ, երբ 1.5 մլն մարդ սպանվեց։ Նման կարծիք է հայտնել եվրախորհրդարանի լատվիացի պատգամավոր Անդրեյ Մամիկինը Եվրախորհրդարանի հերթական բանաձևի ներկայացման ժամանակ,գրում է News.am.
«Ես Եվրախորհրդարանի մեր գործընկերների թվում եմ, որոնք ներկայացրել են 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բանաձևը։ Շատ վեճեր կային, այդ թվում՝ մեր խմբում։ Եվրախորհրդարանի պատգամավորների մի մասը կարծում է, որ ոչ մի ցեղասպանություն չի եղել։ Հասկանալի է, որ նրանք խոսում են ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորության մասին և ասում են, որ ներկայիս սերունդը ոչ մի պատասխանատվություն չի կրում 100-ամյա վաղեմության հանցագործության համար։
Ես համաձայն եմ. չի կրում։ Սակայն դրանից այդ հանցագործությունը պակաս սարսափելի չի դառնում։ Հատկապես նման հանցագործությունը, երբ 1.5 մլն մարդ սպանվեց միայն որովհետև իրենք հայ էին։ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին հրեշավոր զանգվածային հանցագործությունն էր, սակայն, դժբախտաբար, ոչ վերջինը։
Երբ հիմա ես հիշում եմ այս թվի մասին՝ 1.5 մլն, հասկանում եմ, որ դա ավելին է, քան հիմա ապրում է Էստոնիայում և այնքան է, որքան այսօր իրականում ապրում է Լատվիայում։ Մեծն Կոմիտասը խելագարվեց, թեպետ Ցեղասպանությունից հետո նա դեռ 20 տարի ապրեց։ Ուստի պետք է հիշել և չի կարելի մոռանալ։
Երբ այսօր ես հերթական անգամ լսում եմ արտահայտություններ «դու ռուս ես», «նա ուկրաինացի է», «դու լատվիացի ես» «նա սևամորթ է», հասկանում եմ, որ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հենց սրանից սկսվեց ամեն բան։ Բռնում և սպանում էին մարդկանց՝ ասելով «նրանք հայեր են»,- հայտարարել է Մամիկինը։