Սերբական Հանրապետության նախագահ (պետական միավորում Բոսնիա և Հերցեգովինայի կազմում – խմբ.) Միլորադ Դոդիկը 1915-17թ.թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարություն է ուղարկել խորհրդարան: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով Դոդիկի աշխատակազմի հաղորդագրությունը: Նախագահն առաջարկել է հայտարարությունն ընդունել առաջիկա նիստում:
Փաստաթղթում ասվում է.
«Սերբական Հանրապետության սերբ ժողովուրդը, որպես ազատասեր ժողովուրդ, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրել է իր աշխատունակ բնակչության մեկ երրորդը, ինչպես նաև բնական և նյութական ռեսուրսների հսկայական մասը, համերաշխություն է հայտնում հայ ժողովրդի ջանքերին և աջակցում պատմական արդարության ճանաչման և Օսմանյան կայսրության անկման տարիներին հայերի դեմ ոչնչացման, կոտորածի քաղաքականությունը ցեղասպանություն կոչելու համար պայքարում»:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Սերբիայի Հանրապետությունը պետք է «աշխատանքներ տանի մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև ընդգծի, որ մարդկության դեմ իրագործված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և ներդրում ունենա ցեղասպանության ժխտման դեմ պայքարում»: